Հոգեւոր
Հրապարակված է: 08/07/2026
Կիրակի, Օգոստոսի 9, 2026
«Բայց արդ, մնում են հավատ, հույս, սեր. սրանք՝ երեքը.
և սրանցից մեծագույնը սերն է»
(Ա Կորնթ․ 13։13)
Պողոս առաքյալի այս խոսքերը քրիստոնեական կյանքի ամբողջ էությունը ամփոփում են երեք բառերի մեջ՝ հավատ, հույս և սեր։ Սրանք այն անանց արժեքներն են, որոնք ժամանակը չի կարող խամրեցնել, աշխարհի փոփոխությունները չեն կարող վերացնել, և որոնք առաջնորդում են մարդուն դեպի Աստված։ Սակայն առաքյալը նրանցից մեկին առանձնացնում է՝ ասելով. «Սրանցից մեծագույնը սերն է»։
Ինչո՞ւ է սերը մեծագույնը․ որովհետև Աստված Ինքը սեր է։ Հավատը մեզ առաջնորդում է դեպի Աստված, հույսը զորացնում է դժվարությունների մեջ, իսկ սերը մեզ միավորում է Աստծո հետ և դարձնում Նրա նման։ Առանց սիրո նույնիսկ ամենաշատ գիտելիքը դատարկ է, ամենագեղեցիկ խոսքը՝ անպտուղ, իսկ ամենամեծ զոհողությունը՝ անիմաստ։
Այսօր աշխարհը շատ է խոսում սիրո մասին, սակայն հաճախ այն սահմանափակում է միայն զգացմունքներով։ Ավետարանը մեզ սովորեցնում է, որ իսկական սերը զոհողություն է, ներողամտություն է, համբերություն է և ծառայություն։ Սերը միայն խոսքերով չի արտահայտվում, այլ ամենօրյա վերաբերմունքով՝ բարի խոսքով, ներող սրտով, օգնող ձեռքով և կարեկից հայացքով։ Այդպիսի սերն է փոխում ընտանիքները, ամրացնում համայնքները և բժշկում մարդկային հարաբերությունները։ Մեր օրերում մարդիկ հաճախ կորցնում են հույսը, որովհետև նրանց հավատը թուլանում է, իսկ սրտերը կարծրանում են։ Սակայն այնտեղ, որտեղ ապրում է սերը, միշտ ծնվում է հույսը, և հավատը նորից զորանում է։ Սիրող մարդը երբեք միայն իր մասին չի մտածում. նա տեսնում է իր մերձավորի ցավը, կիսում նրա բեռը և դառնում Աստծո խաղաղության գործիքը։
Եկեք ինքներս մեզ հարցնենք՝ արդյո՞ք մեր հավատքը դրսևորվում է սիրով, արդյո՞ք մեր հույսը զորացնում է ուրիշներին, արդյո՞ք մեր խոսքերն ու գործերը վկայում են, որ մենք Քրիստոսի աշակերտներն ենք, ինչպես Քրիստոս ասաց․ «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հովհ․ 13։35): Թող այս խոսքերը դառնան մեր կյանքի չափանիշը և աղոթենք, որ Աստված մեր սրտերը լցնի կենդանի հավատքով, անսասան հույսով և ամեն ինչ հաղթող սիրով, որ մեր կյանքը դառնա Քրիստոսի սիրո կենդանի արտացոլումը, որպեսզի մեր ներկայությամբ մարդիկ զգան Աստծո խաղաղությունը և անսահման սերը։
ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ