Հոգեւոր
Հրապարակված է: 07/17/2026
«Իրավ որ, եղբայրներ, ձեր իսկ կոչումին նայեցեք» (Ա Կորնթ․ 1։26)
Պողոս առաքյալի այս խորիմաստ խոսքերը մեզ հրավիրում են մի պահ կանգ առնելու և ինքներս մեզ հարցնելու․ ո՞վ եմ ես, և ինչի՞ համար է Աստված ինձ կանչել այս աշխարհ։ Քրիստոնեական կյանքը պարզապես հավատքի անուն կրելը չէ, այլ Աստծո կողմից տրված սուրբ կոչումը ճանաչելն ու այդ կոչմանը հավատարիմ ապրելը։
Աստված մեզանից յուրաքանչյուրին ստեղծել է նպատակով։ Մենք պատահաբար չենք ծնվել և պատահական չենք ապրում։ Մեր կյանքը Աստծո սիրո պարգևն է, իսկ մեր կոչումը՝ Նրա կամքը կատարելու ճանապարհը։ Ոմանք կոչված են ծառայելու ընտանիքում, ոմանք՝ հասարակության մեջ, ոմանք՝ եկեղեցում, սակայն բոլորիս ընդհանուր կոչումը մեկն է՝ ապրել որպես Քրիստոսի աշակերտներ և մեր կյանքով վկայել Նրա սերը։
Այսօր աշխարհը մարդուն սովորեցնում է ճանաչել իրեն իր հաջողություններով, ունեցվածքով կամ դիրքով։ Սակայն Ավետարանը մեզ այլ չափանիշ է տալիս։ Աստծո առաջ մարդու մեծությունը որոշվում է ոչ թե նրա ունեցածով, այլ նրա հավատքով, խոնարհությամբ և սիրով։ Աստված չի հարցնելու, թե որքան ճանաչված էինք մարդկանց մեջ, այլ՝ որքան հավատարիմ եղանք այն կոչմանը, որ Ինքը վստահեց մեզ։
Հաճախ մենք ցանկանում ենք ունենալ ուրիշի շնորհները կամ ուրիշի ճանապարհը՝ մոռանալով, որ Աստված յուրաքանչյուրին յուրահատուկ պարգևներ է տվել։ Քրիստոնեական կոչումը մրցակցություն չէ, այլ ծառայություն։ Երբ մարդը հասկանում է, որ իր կյանքը նվեր է Աստծուց, նա սկսում է այդ նվերը օգտագործել ի բարօրություն մերձավորի և ի փառս Աստծո։
Որպես քրիստոնյաներ մեր կոչումը միայն եկեղեցում գտնվելու մեջ չէ, այն շարունակվում է մեր ընտանիքներում, մեր աշխատանքում, մեր հարաբերություններում և մեր ամենօրյա ընտրությունների մեջ։ Ամեն բարի խոսք, ամեն ներողամիտ քայլ, ամեն ողորմած գործ և ամեն անկեղծ աղոթք մեր կոչման իրականացման մի մասն են։
Ուրեմն, եկեք հարցնենք ինքներս մեզ՝ արդյո՞ք ապրում ենք այնպես, ինչպես վայել է Քրիստոսի աշակերտին ու հետևորդին և արդյո՞ք մեր կյանքը վկայում է Նրա ներկայության մասին։ Թող Տերը շնորհի մեզ իմաստություն՝ ճանաչելու մեր կոչումը, հավատարմություն՝ այն իրականացնելու, և խոնարհություն՝ միշտ հիշելու, որ մեր կյանքի ամենամեծ պատիվը Քրիստոսին պատկանելն է։
ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ