Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Երրորդ Կիրակի Հոգեգալուստից Հետո

Հոգեւոր

Հրապարակված է: 06/12/2026


ԵՐՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏԻՑ ՀԵՏՈ

«Եվ ձեր մարմնի անդամները, որպես անիրավության գործիք,

ի ծառայություն մեղքի մի պատրաստեք, այլ հանձնեցեք ձեզ՝ ի ծառայություն Աստծո»

(Հռոմ․ 6։13)

Պողոս առաքյալի այս տողեչը քրիստոնեական կյանքի ամենակարևոր ճշմարտություններից են․ մարդը ստեղծված է ոչ թե մեղքի, այլ Աստծո համար։ Մեր կյանքը պատահական գոյություն չէ, այլ Աստծո պարգևը, և յուրաքանչյուր օր մեզ տրվում է որպես հնարավորություն՝ ընտրելու, թե ում պիտի ծառայենք։

Այսօրվա աշխարհում մարդը հաճախ կանգնած է բազմաթիվ գայթակղությունների առջև։ Աշխարհը մեզ սովորեցնում է ապրել միայն սեփական ցանկություններով, մտածել միայն մեր մասին և փնտրել ժամանակավոր հաճույքներ։ Սակայն Աստծո խոսքը մեզ հիշեցնում է, որ մեր մարմինը, մեր միտքը, մեր խոսքերը և մեր գործերը չպետք է դառնան մեղքի գործիքներ, այլ պետք է ծառայեն բարուն, սիրուն և ճշմարտությանը։

Հաճախ մարդիկ կարծում են, թե ազատությունը նշանակում է անել այն, ինչ ցանկանում են։ Բայց Ավետարանի լույսի ներքո իրական ազատությունը մեղքի իշխանությունից ազատ լինելն է։ Երբ մարդը դառնում է իր կրքերի, բարկության, նախանձի կամ եսասիրության գերին, նա կորցնում է իր ներքին խաղաղությունը։ Իսկ երբ իր կյանքը հանձնում է Աստծուն, նա գտնում է այն ազատությունը, որը ոչ ոք չի կարող խլել նրանից։

Տերը մեզանից մեծ բաներ չի պահանջում։ Նա ցանկանում է, որ մեր աչքերը տեսնեն բարին, մեր շուրթերը խոսեն ճշմարտությունը, մեր ձեռքերը գործեն ողորմություն, իսկ մեր սիրտը լցված լինի սիրով։ Երբ մեր կյանքի յուրաքանչյուր մասը նվիրում ենք Աստծուն, մեր առօրյան ևս դառնում է աղոթք և ծառայություն։

Ամեն օր մեր առջև ընտրություն է դրված։ Մենք կարող ենք հետևել այն ճանապարհին, որը հեռացնում է մեզ Աստծուց, կամ ընտրել այն ճանապարհը, որը տանում է դեպի լույս և կյանք։ Քրիստոս մեզ հրավիրում է ոչ թե կիսատ-պռատ հավատքի, այլ ամբողջական նվիրումի։ Ուրեմն, թող առաքելական այս խոսքը դառնա մեր կյանքի ուղեցույցը և մեր մտքերը, մեր խոսքերը, մեր գործերը և մեր ամբողջ էությունը հանձնենք Աստծուն որպես նրա իրական զավակներ ու աշակերտներ այս աշխարհում։

ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները