Devotional
Posted: 07/01/2026
«Տեր, չէ՞ որ քո արտի մեջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը»
(Մատթ. 13:27)
Որոմների վերաբերյալ այս հարցը, որ հնչում է Ավետարանում, միայն ծառաների հարցը չէ․ դա նաև մեր հարցն է։ Երբ տեսնում ենք չարը, անարդարությունը, ցավը և փորձությունները մեր կյանքում ու աշխարհում, մենք ևս հաճախ հարցնում ենք. «Տեր, եթե Դու բարիք ես սերմանում, ապա որտեղի՞ց է գալիս այս որոմը»։
Քրիստոս այս առակով մեզ սովորեցնում է մի կարևոր ճշմարտություն. Աստված աշխարհը ստեղծեց բարի, մարդուն ստեղծեց Իր պատկերով ու նմանությամբ և նրան շնորհեց սիրելու, արարելու և բարին գործելու կարողություն։ Սակայն Աստված մարդուն տվեց նաև ազատ կամք։ Եվ երբ մարդը հեռանում է Աստծուց, երբ սրտում տեղ է տալիս մեղքին, նախանձին, ատելությանը և եսասիրությանը, բարի սերմի կողքին սկսում է աճել նաև որոմը։
Այս առակը վերաբերում է ոչ միայն աշխարհին, այլ նաև մեզանից յուրաքանչյուրին։ Մեր սրտում Աստված մշտապես բարի սերմ է ցանում՝ հավատքի, սիրո, խաղաղության և ողորմության սերմեր։ Բայց երբ անտարբեր ենք աղոթքի հանդեպ, երբ թույլ ենք տալիս, որ բարկությունը, հպարտությունը կամ դատապարտությունը տեղ գտնեն մեր ներսում, այդ բարի սերմերի կողքին սկսում են աճել նաև որոմները։
Մեր օրերում մարդիկ հաճախ ցանկանում են արագ պատասխաններ և արագ լուծումներ։ Սակայն Տերը համբերությամբ է նայում արտին։ Նա չի ցանկանում, որ ցորենը վնասվի որոմի հետ միասին։ Աստված սպասում է, հնարավորություն է տալիս ապաշխարության, նորոգության և վերադարձի։ Նրա նպատակը ոչ թե դատապարտելն է, այլ փրկելը։
Որոմների այս առակը մեզ կոչ է անում նախ և առաջ նայել մեր սեփական սրտին։ Փոխանակ միայն աշխարհի որոմների մասին խոսելու, հարցնենք ինքներս մեզ՝ ի՞նչ է աճում մեր սրտում ու հոգում։ Արդյո՞ք մենք խնամում ենք Աստծո ցանած բարի սերմերը։ Արդյո՞ք մեր կյանքում աճում են սերը, հավատքը, ներողամտությունն ու խաղաղությունը։
Խնդրենք, որ Տերը օգնի մեզ մաքրել մեր սրտերի արտը, որպեսզի այնտեղ առատորեն աճի Նրա ցանած բարի սերմը։ Եվ երբ գա հոգևոր հունձքի օրը, թող մեր կյանքը գտնվի ոչ թե որոմների, այլ հասունացած ցորենի շարքում։
ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ