Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Երբ Հավատքը, Մշակույթն Ու Հիշողությունը Միավորում Են Սերունդներին

Համայնք

Հրապարակված է: 10/08/2026


ԵՐԲ ՀԱՎԱՏՔԸ, ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ  ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ

2026 թվականի հոկտեմբերի 4-ին Փասադենայի Թեքեյան մշակութային միության Բեշգյոթուրյան կենտրոնում, ներկայացնելով Առաջնորդ Սրբազան Հորը՝ Գերշ․ Տ․ Հովնան Արք․ Տերտերյանին, Արժ․ Տ․ Մանուկ Ավագ Քահանա Մարգարյանը մասնակցեց լուսանկարիչ Դավիթ Քարամյանի՝ Նորատուսի խաչքարերին նվիրված «Հավերժական Հայաստան. Խաչքարեր - Նորատուսի խաչքարերը» պատկերագրքի շնորհանդեսին և գինեձոնին։

Նորատուսի խաչքարերը մեր ժողովրդի դարավոր հավատքի, պատմական հիշողության և ստեղծագործ ոգու լուռ, բայց խոսուն վկաներն են։ Խաչքարը հայ մարդու համար երբեք պարզապես քարի վրա փորագրված զարդանախշ չի եղել․ այն քարեղեն աղոթք է, հավատքի խոստովանություն և Քրիստոսի Հարության հույսի վկայություն։ Եվ հատկապես Սփյուռքում այն մեզ հիշեցնում է մեր արմատների մասին ու պատգամում ամուր պահել այն հավատքն ու ինքնությունը, որ ժառանգել ենք մեր նախնիներից։

Տիար Դավիթ Քարամյանի այս արժեքավոր աշխատանքը ևս մի գեղեցիկ հնարավորություն է Նորատուսի քարեղեն աղոթքները հասցնելու աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայորդիներին և այդ սրբազան ժառանգությունը փոխանցելու գալիք սերունդներին։

Երեկոն եզրափակվեց ավանդական գինեձոնով՝ բարեմաղթանքներով ու օրհնության խոսքով՝ նոր լույս տեսած պատկերագրքի բարի և երկար ճանապարհի համար։ Շնորհավորում ենք Տիար Դավիթ Քարամյանին այս արժեքավոր աշխատանքի առիթով և մաղթում, որ այն իր արժանի տեղը գտնի հայ ընտանիքներում՝ դառնալով ոչ միայն Նորատուսի խաչքարերի գեղեցկությունը ներկայացնող պատկերագիրք, այլև մեր հավատքի, հիշողության և ազգային ինքնության մասին խոսող կենդանի վկայություն։

Թող մեր քարեղեն աղոթքները շարունակեն խոսել սերունդների հետ, իսկ մեր սերունդները՝ երբեք չմոռանան այն հավատքն ու արմատները, որոնցից ծնվել են։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները