ՎԱՇԻՆԳՏՈՆ — 16 սեպտեմբերի 2026 թ. — Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Նարեկ Մկրտչյանը չորեքշաբթի՝ սեպտեմբերի 16-ին առաջնորդեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ աղոթելու նպատակով Սպիտակ տուն այցելած հոգեվոր առաջնորդների պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում էին Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդ Գերշ․ Տ. Մեսրոպ Եպիսկոպոս Պարսամյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերշ․ Տ. Անուշավան Արքեպիսկոպոս Դանիելյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ․ Տ. Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանը, Հայ Կաթողիկէ Եկեղեցու ԱՄՆ թեմի Գերապատիվ Տ. Միքայել Եպիսկոպոս Մուրադյանը և Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության վերապատվելի Հենրիկ Շանազարյանը։

Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում կայացած այս առանձնահատուկ հանդիպումը հնարավոր դարձավ դեսպան Նարեկ Մկրտչյանի եռանդուն ջանքերի շնորհիվ՝ Սպիտակ տան Հավատքի գրասենյակի հետ համագործակցությամբ։ Գրասենյակը գլխավորում են նախագահ Թրամփի երկարամյա հոգեւոր հովիվ և ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնը և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի տնօրեն Ջենիֆեր Ս. Քորնը։
Հանդիպումը շարունակությունն է այն հարաբերությունների, որոնք ձևավորվել են 2026 թվականի հունվարին՝ Ազգային մայր տաճարում կայացած Հայոց Սուրբ Ծննդյան և Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակին նվիրված տոնակատարության առիթով։
Հանդիպումը նշանակալի հանգրվան է ԱՄՆ–Հայաստան հարաբերությունների համատեքստում։ Քննարկումների առանցքում էին երկու ժողովուրդների քրիստոնեական և քաղաքակրթական կապերը, կրոնական ազատությունը, ինչպես նաև հարատև խաղաղության, կայունության և բարեկեցության հաստատմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով այդ գործընթացում հավատքի և հոգևոր արժեքների էական դերակատարությունը։ Հանդիպման ընթացքում առանձնահատուկ շեշտադրվել ու կարեւորվել է նաեւ հայկական քրիստոնեական ժառանգության պահպանության հարցը։

«Մենք կիսում ենք նախագահ Թրամփի՝ հարատև խաղաղության տեսլականը», — հանդիպման առնչությամբ նշել է Հովնան Արք․ Տերտերյանը։
Կրոնական առաջնորդներն առիթն օգտագործեցին նաև Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի կապակցությամբ նախագահ Թրամփին շնորհավորելու համար՝ ընդգծելով ամերիկահայ համայնքի ներդրումը երկրի հոգևոր, մշակութային և քաղաքացիական կյանքի ձևավորման գործում։

Հանդիպման մասնակիցները նշել են, թէ դարեր շարունակ հայ համայնքն այս երկրում գտել է ազատություն, հնարավորություններ և հույս՝ միաժամանակ պահպանելով այն հավատը, ժառանգությունն ու ավանդույթները, որոնք սերնդեսերունդ ամրապնդել են համայնքը:
Հանդիպման ավարտին Գերաշնորհ Տ. Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը հոգեւոր առաջնորդներին ու ներկա բոլոր անձանց առաջնորդել է միասնական աղոթքի՝ հայցելով Աստծո օրհնությունը Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների, նրանց բարօրության ու ապագայի, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև հարատև բարեկամության համար։
Արևմտյան թեմի հիմնադրման 100-ամյակին ընդառաջ՝ Հովնան Արքեպիսկոպոսի մասնակցությունն այս պատմական հանդիպմանը վկայում է հավատքին և հոգեւոր ծառայությանը թեմի նվիրվածութեան եւ հարատև հանձնառության, ինչպես նաև հայ ժողովրդի և Միացյալ Նահանգների միջև կապերի ամրապնդման առաքելության մասին։
Այս այցելությունը նաև վերահաստատում է Եկեղեցու առաքելությունը՝ ծառայելու որպես հավատքի, բարեկամության և փոխըմբռնման կամուրջ, նպաստելու ժողովուրդների մերձեցմանը և նրանց միջև խաղաղության ու փոխադարձ համագործակցության ամրապնդմանը։