Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Խաչվերաց

Հոգեւոր

Հրապարակված է: 09/11/2026


ԽԱՉՎԵՐԱՑ

Կիրակի, Սեպտեմբերի 13, 2026

«Եվ ապա երկնքի վրա մարդու Որդու նշանը պիտի երևա»

(Մատթ․ 24։30)

Խաչվերացը կամ Սուրբ Խաչի Վերացման տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Խաչվերացի տոնը մեր հայացքը բարձրացնում է դեպի այն Խաչը, որի վրա Հիսուս Քրիստոս Իր կյանքը զոհեց աշխարհի փրկության համար և որը դարձավ քրիստոնեական հավատքի ամենասուրբ ու հաղթական նշանը։

Ավետարանում Տերը մեզ ասում է, որ «Երկնքի վրա մարդու Որդու նշանը պիտի երևա» և այդ նշանը, ըստ եկեղեցու հայրերի մեկնության, Սուրբ Խաչն է, այն խաչը, որը մի ժամանակ անարգանքի և մահվան գործիք էր, Քրիստոսի զոհաբերությամբ դարձավ փրկության, հաղթանակի և հավիտենական կյանքի խորհրդանիշը։ Խաչը հիշեցնում է մեզ, որ Աստծո սերը միշտ ավելի զորավոր է, քան մեղքը, մահը և չարը ու Խաչվերացի տոնը մեզ վերադարձնում է այս մեծ ճշմարտությանը։ Մենք խաչակնքվում ենք, խոնարհվում ենք Սուրբ Խաչի առջև, զարդարում ենք այն ռեհանով, որովհետև այն մեզ համար պարզապես խորհրդանիշ չէ, այլ կենդանի վկայություն այն սիրո, որով Քրիստոս փրկեց աշխարհը։ Ամեն անգամ, երբ նայում ենք Խաչին, հիշում ենք, թե որքան թանկ գնով է Աստված սիրել մեզ։

Այսօր էլ աշխարհը լի է ցավով, պատերազմներով, անորոշությամբ և մարդկային փորձություններով։ Շատերը փորձում են իրենց ուժերով հաղթահարել կյանքի ծանրությունները, բայց մոռանում են, որ իրական զորությունը գալիս է Քրիստոսի Խաչից։ Խաչը սովորեցնում է մեզ համբերել փորձությունների մեջ, ներել վիրավորանքները, սիրել նույնիսկ դժվարության պահին և երբեք չկորցնել հույսը, որովհետև յուրաքանչյուր Գողգոթայի հետևում սպասում է Հարության լույսը։

Խաչը միայն եկեղեցու գմբեթին կամ մեր կրծքին կրելու նշան չէ․ այն կյանքի ուղի է։ Ամեն օր մենք կոչված ենք կրել մեր խաչը՝ հավատքով, սիրով և վստահությամբ հետևելով Քրիստոսին։ Երբ ապրում ենք Խաչի ճշմարտությամբ, մեր կյանքն էլ է դառնում Աստծո սիրո, զոհողության և հաղթանակի կենդանի վկայությունը։

Թող Խաչվերացի տոնը նորոգի մեր հավատքը, զորացնի մեր հույսը և լցնի մեր սրտերը Քրիստոսի սիրով։ Եվ թող Սուրբ Խաչը մշտապես լինի մեր կյանքի առաջնորդող նշանը, մեր մխիթարությունը վշտի մեջ, մեր զորությունը պայքարի պահին և մեր հույսը դեպի հավիտենական կյանք։

 

ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները