Հոգեւոր
Հրապարակված է: 08/28/2026
Կիրակի, Օգոստոսի 30, 2026
Եւ Մարիամն ասաց. «Իմ անձը կփառավորի Տիրոջը, և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստուծով,
որովհետև նա իր հայացքը դարձրեց իր աղախնի խոնարհության վրա: Եվ ահա, այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան, որովհետև ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար, և նրա անունը սուրբ է»
(Ղուկ․ 1։46-49)
Հայ Եկեղեցին առանձնահատուկ սիրով և հոգևոր ուրախությամբ նշում է Սուրբ Աստվածածնին նվիրված տոները։ Դրանցից է Սուրբ Աստվածամոր Գոտու գտնվելու տոնը, որը մեզ հիշեցնում է, որ Աստված Իր շնորհով սրբացնում է ոչ միայն մարդկանց կյանքը, այլև այն ամենը, ինչ առնչվել է նրանց սուրբ ընթացքին։ Այդ պատճառով էլ դարեր շարունակ հավատացյալները խորին ակնածանքով են վերաբերվել Սուրբ Աստվածածնի մասունքներին ու անձնական իրերին։ Դրանք մեզ համար պարզապես հնագույն հիշատակներ չեն, այլ կենդանի վկայություններ այն սրբության, որով Աստված փառավորեց Իր խոնարհ աղախնուն։
Այս տոնի իրական խորհուրդը, սակայն, սրբազան գոտու մեջ չէ, այլ այն հոգևոր գեղեցկության, որ կրում էր Սուրբ Աստվածածինը։ Նրա մեծությունը ծնվեց ոչ թե իշխանությունից, այլ խոնարհությունից, ոչ թե մարդկային փառքից, այլ Աստծո կամքին անվերապահ հնազանդությունից։ Ահա թե ինչու Մարիամն իր օրհներգում չի խոսում իր արժանիքների մասին, այլ ասում է. «Իմ անձը կփառավորի Տիրոջը», որով նրա ամբողջ կյանքը դարձավ Աստծուն ուղղված փառաբանություն։
Այսօր էլ աշխարհը մեզ սովորեցնում է փառք փնտրել մարդկանցից, գնահատվել մեր հաջողություններով և ճանաչում ձեռք բերել։ Բայց Սուրբ Աստվածածինը հիշեցնում է, որ մարդու ամենամեծ գեղեցկությունը մաքուր սիրտն է, իսկ ամենամեծ հարստությունը՝ Աստծո շնորհը։ Երբ մարդը խոնարհությամբ բացում է իր սիրտը Տիրոջ առաջ, Աստված նրա միջոցով մեծ գործեր է կատարում։ Այդ պատճառով բոլոր սերունդները երանի են տալիս Սուրբ Կույսին, որովհետև նրա կյանքը լիովին պատկանեց Աստծուն։
Սուրբ Աստվածածնի Գոտու գտնվելու տոնը նաև մեզ կոչ է անում վերագտնել այն «գոտին», որով պետք է կապենք մեր կյանքը՝ հավատքը, աղոթքը, մաքրությունը և հնազանդությունը։ Եթե այդ հոգևոր արժեքներով «գոտևորենք» մեր սրտերը, ապա ոչ մի փորձություն չի կարող մեզ հեռացնել Աստծուց։
Թող այս տոնը մեզ սովորեցնի սիրել և հարգել այն ամենը, ինչ մեզ մոտեցնում է Աստծուն, բայց առավել ևս՝ ձգտել ունենալ Սուրբ Աստվածածնի հավատքը, մաքրությունը և խոնարհությունը։ Եվ թող նրա մայրական բարեխոսությամբ մեր սրտերը լցվեն Աստծո շնորհով, որպեսզի մեր կյանքն էլ դառնա Նրա փառքի կենդանի վկայությունը։
ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ