Գլոբալ
Հրապարակված է: 08/27/2026
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտարարում է Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը։
Եթե բնակվում եք սփյուռքում կամ Հայաստանում, հետաքրքրված եք Հայաստան-սփյուռք համագործակցության զարգացմամբ, մասնագիտական փորձի փոխանակմամբ և համատեղ նախաձեռնությունների ձևավորմամբ, ապա շտապեք լրացնել գագաթնաժողովի մասնակցության հետաքրքրության հայտը։
Համաշխարհային հայկական գագաթնաժողովն այս տարի մեկ հարկի տակ կհամախմբի սփյուռքից և Հայաստանից ավելի քան 800 մասնակցի՝ քննարկելու Հայաստան-սփյուռք համագործակցության առաջնահերթությունները, առկա մարտահրավերներն ու նոր հնարավորությունները։
Գագաթնաժողովը համահայկական հիմնարար հարթակ է, որի նպատակն է համախմբել համաշխարհային հայկական ներուժը՝ խթանելու Հայաստան–Սփյուռք գործակցության խորացումը, ձևավորելու միասնական օրակարգ, ինչպես նաև նախանշելու երկարաժամկետ զարգացման ռազմավարական ուղղություններ։
Քառօրյա գագաթնաժողովը հագեցած է լինելու բազմոլորտ քննարկումներով տարբեր ձևաչափերում՝ պանելային նիստեր, թեմատիկ քննարկումներ, կլոր-սեղաններ, փորձագիտական հանդիպումներ, համագործակցության հարթակներ և մշակութային միջոցառումներ։
Քննարկումների շրջանակում անդրադարձ կկատարվի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորություններին, գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում նորարարություններին, հայկական համայնքների զարգացմանը, ինչպես նաև հայրենադարձության խթանմանն ու ինտեգրման գործընթացներին։
Համաշխարհային հայկական գագաթնաժողովներն արդեն կայացել են որպես արդյունավետ համագործակցության հարթակ․ առաջին գագաթնաժողովը անցկացվել է 2022 թվականին՝ ընդունելով շուրջ 600 մասնակցի, իսկ երկրորդը՝ 2024 թվականին՝ մոտ 1000 մասնակցի՝ ընդգրկելով աշխարհի ավելի քան հինգ տասնյակ երկրներ։
Գագաթնաժողովի մանրամասները․
Երևան | Նոյեմբերի 5-8, 2026 թվական
Քննարկումներ, աշխատաժողովներ, վորքշոփներ, պանելային նիստեր, կլոր-սեղան քննարկումներ
Մշակութային միջոցառումներ
Հայտը կարող եք լրացնել Ձեզ համար նախընտրելի լեզվով մինչև հոկտեմբերի 1-ը.
Տեղերը սահմանափակ են։ Առաջնահերթություն կտրվի վաղ գրանցվածներին։
Նշենք, որ հայտադիմումի էլեկտրոնային ձևաթուղթը հանդիսանում է գագաթնաժողովի մասնակցության հետաքրքրվածության հայտ։ Ընտրված մասնակիցներին կուղարկվի գագաթնաժողովի մասնակցության պաշտոնական հրավեր։
Հարցերի դեպքում կարող եք մեզ հետ կապ հաստատել globalarmeniansummit@gmail.com էլ. հասցեով կամ +374 (41) 314034 (ներառյալ՝ WhatsApp, Viber, Telegram) հեռախոսահամարներով։