Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Երրորդ Կիրակի Պայծառակերպությունից Հետո

Հոգեւոր

Հրապարակված է: 07/24/2026


ԵՐՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

«Վայ նրանց, որոնք տանը տուն են կցում և ագարակին ագարակ միացնում,  որպեսզի ընկերոջն արտաքսեն, բայց մի՞թե երկրի վրա մենակ դուք եք ապրելու»  (Եսայի 5:8)

Մարգարեական այս խոսքերը դատապարտում են ոչ թե աշխատանքը կամ ունեցվածքը, այլ այն սիրտը, որը մոռանում է Աստծուն և իր մերձավորին՝ իր ողջ կյանքը դարձնելով միայն սեփական շահի ու հարստության շուրջ պտտվող ճանապարհ։

Աստված մարդուն օրհնում է աշխատանքով, բարիքներով և շնորհներով, սակայն դրանք տրվում են ոչ միայն մեզ համար, այլ նաև՝ ուրիշների կյանքի օրհնությունը դառնալու համար։ Երբ ունեցվածքը դառնում է մեր կյանքի նպատակը, մարդը սկսում է կորցնել ամենաթանկը՝ իր սիրտը․ այն, ինչ պիտի ծառայեր մարդուն, սկսում է իշխել մարդու վրա։

Այսօր աշխարհը մեզ անընդհատ ասում է՝ ունեցիր ավելի շատ, կուտակիր ավելի շատ, դարձիր ավելի ազդեցիկ։ Սակայն Ավետարանը բոլորովին այլ ճանապարհ է ցույց տալիս։ Քրիստոս մեզ սովորեցնում է, որ մարդու կյանքը նրա ունեցվածքի առատությամբ չի չափվում, այլ այն սիրով, ողորմությամբ և հավատքով, որ նա կրում է իր սրտում։

Եսայի մարգարեի հարցը՝ «Մի՞թե երկրի վրա մենակ դուք եք ապրելու», մեզ ստիպում է խորհել մեր վերաբերմունքի մասին ուրիշների հանդեպ։ Արդյո՞ք մեր կողքին ապրող կարիքավորին տեսնում ենք։ Արդյո՞ք մեր հաջողության մեջ տեղ կա նաև ուրիշի ուրախության համար։ Արդյո՞ք մեր սրտում կա տեղ Աստծո և մեր մերձավորի համար, թե՞ այն ամբողջությամբ զբաղեցրել են միայն մեր ծրագրերն ու ցանկությունները։

Քրիստոնյան կոչված է ոչ թե կուտակելու, այլ կիսելու։ Ոչ թե միայն իր տունը մեծացնելու, այլ Աստծո արքայությունը տարածելու։ Մեր իրական հարստությունը ոչ թե այն է, ինչ պահում ենք մեզ համար, այլ այն, ինչ սիրով տալիս ենք ուրիշներին։ Որովհետև ողորմությունը երբեք չի աղքատացնում մարդուն, այլ հարստացնում է նրա հոգին։

Եկեք քննենք մեր սրտերը։ Թող մեր կյանքում առաջնայինը լինեն ոչ թե անցողիկ բարիքները, այլ հավիտենական արժեքները։ Մեր ձեռքերը միշտ բաց լինեն օգնելու համար, մեր սրտերը՝ սիրելու համար, և մեր հոգիները՝ Աստծուն ծառայելու համար։ Այդժամ մեր կյանքը կդառնա ոչ թե եսասիրության ու կուտակման, այլ սիրո, արդարության և ողորմության կենդանի վկայություն։

ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները