Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Սիեթլի Հայկական Դպրոցում Ամփոփվեց Ուսումնական Տարին

Եկեղեցիներ

Հրապարակված է: 07/02/2026


Սիեթլի Հայկական Դպրոցում ամփոփվեց ուսումնական տարին

Հունիսի 21-ին Սիեթլի Սուրբ Հարություն Առաքելական Եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Հարություն Վարժարանի 2025–2026 ուսումնական տարվա ավարտական գեղեցիկ և հուզիչ միջոցառումը։ Տոնական օրը միավորել էր աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին և համայնքի անդամներին՝ ևս մեկ անգամ ընդգծելով դպրոցի կարևոր դերը սերունդների հայեցի դաստիարակության գործում։


Միջոցառումը սկսվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով և աղոթքով։ Բեմում հանդես եկան դպրոցի բոլոր դասարանների սաները՝ ներկայացնելով երգեր, ասմունք, հայկական մշակույթին ու լեզվին նվիրված ծրագրեր։ Տեր Վազգեն Ավ. Քհն. Բոյաջյանը, ուսուցիչների հետ միասին, առաջնորդեց միջոցառումը՝ իր խոսքով ու ներկայությամբ հաղորդելով օրվա հոգևոր և ազգային շունչը։

Օրվա կարևորագույն պահերից մեկը հայոց այբուբենն արդեն յուրացրած աշակերտների վկայականների հանձնումն էր։ Փոքրիկների աչքերում արտացոլվում էր հպարտությունն ու ուրախությունը, իսկ ծնողների համար այդ պահը դարձավ իրենց երեխաների կարևոր ձեռքբերումների վկայությունը։

Միջոցառման ավարտին Լևոն Սարկավագ Եսիբովը համայնքին ներկայացրեց նոր Համայնքային կենտրոնի և Սիեթլի Հայկական Դպրոցի շինարարական ծրագրի վերաբերյալ վերջին տեղեկությունները։ Նա խոսեց սպասվող աշխատանքների, ծրագրի կարևորության և այն հնարավորությունների մասին, որոնք նոր կենտրոնը կբացի մեր դպրոցի, երեխաների և ամբողջ համայնքի համար։

Տոնակատարությունը շարունակվեց Սիեթլի Հայկական Դպրոցի բակում։ Հյուրերը հաճույքով ունկնդրեցին մեր համայնքի նորաստեղծ երաժշտական խմբի կատարումները, որոնք ջերմ ընդունելության արժանացան։ Երաժիշտների ելույթը ստեղծեց ուրախ, ընտանեկան և իսկապես տոնական մթնոլորտ։


Տոնական սեղանի կազմակերպումը ստանձնել էր դպրոցի Ծնողական խորհուրդը։ Ծնողները մեծ սիրով և ակտիվ մասնակցությամբ բերեցին բազմազան ուտեստներ, քաղցրավենիք և այլ հյուրասիրություններ՝ դարձնելով օրը առավել ջերմ ու հիշարժան։

Ուսումնական տարվա ավարտը դարձավ ոչ միայն տոն, այլև հիշեցում այն մեծ աշխատանքի մասին, որ ամեն շաբաթ կատարվում է Սիեթլի Հայկական Դպրոցում՝ հայերենը լսելու, խոսելու, երգելու, ճանաչելու և սիրելու համար։

Շնորհակալություն ենք հայտնում ուսուցիչներին, ծնողներին, կամավորներին և մեր սիրելի աշակերտներին՝ այս ուսումնական տարին անմոռանալի դարձնելու համար։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները