Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Տոն Սուրբ Աստվածածնի Տուփի Գտնվելու

Հոգեւոր

Հրապարակված է: 06/25/2026


ՏՈՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՈՒՓԻ ԳՏՆՎԵԼՈՒ

«Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»

(Ղուկ․ 1։38)

Հնազանդության այս խոսքերը, որ հնչեցին Սուրբ Մարիամ Աստվածածնի շուրթերից, մարդկության պատմության ամենագեղեցիկ և ամենախոնարհ պատասխաններից են Աստծո կանչին։ Այս մի նախադասության մեջ ամփոփված են հավատքը, վստահությունը, հնազանդությունը և ամբողջական նվիրումը Աստծո կամքին։

Երբ Գաբրիել հրեշտակը Մարիամին ավետեց, որ նա պիտի դառնա Փրկչի մայրը, նա լիովին չէր հասկանում, թե ինչ էր սպասվում իրեն։ Նրա առջև բացվում էր մի ճանապարհ, որի վերջը նա չէր տեսնում։ Սակայն Մարիամը չընտրեց կասկածի ճանապարհը, այլ վստահության ճանապարհը։ Նա իր կյանքը հանձնեց Աստծո ձեռքերին և ասաց. «Թող քո խոսքի համաձայն լինի ինձ»։

Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մարդիկ սովոր են ամեն ինչ վերահսկել, ամեն ինչ նախապես իմանալ և ամեն հարցի պատասխան ունենալ։ Սակայն կյանքի ճանապարհին հաճախ հանդիպում են իրավիճակներ, որոնք մենք չենք հասկանում, դժվարություններ, որոնց իմաստը չենք տեսնում, և փորձություններ, որոնց առաջ մեզ անզոր ենք զգում։ Այդպիսի պահերին Սուրբ Աստվածածինը դառնում է մեզ համար հավատքի կենդանի օրինակ։ Մարիամ Աստվածածնի մեծությունը միայն այն չէ, որ նա դարձավ Աստծո Որդու մայրը։ Նրա մեծությունը նախ և առաջ նրա հնազանդության մեջ է։ Նա սովորեցնում է մեզ, որ երբեմն Աստծուն վստահելը ավելի կարևոր է, քան ամեն ինչ հասկանալը։ Հավատքը սկսվում է այնտեղ, որտեղ մարդը պատրաստ է ասել. «Տեր, ես չեմ հասկանում ամեն ինչ, բայց վստահում եմ Քեզ»։

Սուրբ Աստվածամոր կյանքը մեզ ցույց է տալիս, որ Աստված մեծ գործեր է կատարում այն սրտերում, որոնք խոնարհ են և բաց Իր կամքի առաջ։ Երբ մեր սրտում տեղ ենք տալիս Աստծուն, Նա կարողանում է գործել նաև մեր կյանքում՝ փոխելով մեզ և մեզ դարձնելով Իր շնորհի գործակիցները։ Սուրբ Մարիամ Աստվածածնի օրինակը պետք է սովորեցնի մեզ հնազանդվել Աստծո կամքին, վստահել Նրան նույնիսկ անորոշության մեջ և ապրել այն հավատքով, որը կարող է ասել. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ ծառան, թող Քո խոսքի համաձայն լինի ինձ»։

ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները