Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Չորրորդ Կիրակի Հոգեգալուստից Հետո

Հոգեւոր

Հրապարակված է: 06/19/2026


ՉՈՐՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏԻՑ ՀԵՏՈ

«Մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը կյանք և խաղաղություն»

(Հռոմ․ 8։6)

Մարդու կյանքի իրական պայքարը հաճախ տեղի է ունենում ոչ թե արտաքին աշխարհում, այլ իր սրտի և մտքի ներսում։ Ամեն օր մենք ընտրության առջև ենք կանգնում՝ ապրել միայն մարմնավոր ցանկությունների՞ն հետևելով, թե՞ առաջնորդվել Աստծո Հոգու լույսով։

Մարմնավոր խորհուրդը նշանակում է այնպիսի կյանք, որտեղ մարդը կենտրոնանում է միայն անցողիկ ու երկրային բաների վրա։ Նա ապրում է միայն իր ցանկությունների, շահերի և ժամանակավոր հաճույքների համար։ Այդ ճանապարհը սկզբում կարող է հեշտ և գրավիչ թվալ, սակայն վերջում մարդու սիրտը դատարկ է թողնում։ Որքան էլ մարդը նյութական բարիքներ ձեռք բերի, եթե իր հոգին հեռու է Աստծուց, նա չի կարող գտնել իրական խաղաղություն։

Մեր օրերում այս խոսքերը առավել արդիական են․ աշխարհը մեզ անընդհատ սովորեցնում է ավելի շատ ունենալ, ավելի շատ ձեռք բերել, ավելի շատ վայելել։ Սակայն հաճախ այդ ամենի մեջ մարդը կորցնում է ամենաթանկը՝ իր հոգու խաղաղությունը։ Մենք տեսնում ենք, որ շատ մարդիկ ունեն հաջողություն, հարմարավետություն և հնարավորություններ, բայց միևնույն ժամանակ ապրում են անհանգստության, միայնության և ներքին դատարկության մեջ։

Իսկ հոգևոր խորհուրդը կյանք և խաղաղություն է։ Երբ մարդը Աստծուն տեղ է տալիս իր սրտում, նրա կյանքը սկսում է փոխվել։ Նա սովորում է սիրել, ներել, համբերել և վստահել Աստծուն։ Հոգևոր մարդը չի նշանակում դժվարություններից ազատ մարդ, այլ մարդ, ով նույնիսկ դժվարությունների մեջ կարողանում է պահել իր ներքին խաղաղությունը, որովհետև գիտի, որ Աստված իր հետ է։

Խաղաղությունը, որ աշխարհն է տալիս, ժամանակավոր է, իսկ այն խաղաղությունը, որ Աստված է տալիս, բնակվում է մարդու սրտում և մնում նրա հետ նույնիսկ փորձությունների ժամանակ։ Ահա թե ինչու Պողոս առաքյալը մեզ կոչ է անում ընտրել հոգևոր ճանապարհը, որովհետև այդ ճանապարհն է տանում դեպի իրական կյանք։ Ուրեմն, եկեք ամեն օր նորոգենք մեր միտքը, մեր սիրտը և մեր ընթացքը՝ Աստծո խոսքով և աղոթքով և թող մեր կյանքը լցվի այն խաղաղությամբ, որը միայն Տերը կարող է պարգևել։

ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները