Հոգեւոր
Հրապարակված է: 05/15/2026
«Արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե որ ժամին կգա ձեր Տերը»
(Մատթ․ 24։42)
Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ աշխարհը լի է անհանգստությամբ, շտապողականությամբ, պատերազմներով, վախերով և անորոշությամբ։ Մարդիկ ծրագրում են իրենց ապագան, մտածում վաղվա օրվա մասին, բայց հաճախ մոռանում են ամենակարևորը՝ իրենց հոգու պատրաստության մասին։ Հիսուս Քրիստոս մեզ չի ասում ապրել վախով, այլ ասում է՝ «արթուն կացեք»։ Սա հոգևոր արթնության կոչ է։ Արթուն լինել նշանակում է չքնեցնել մեր հոգին մեղքի, անտարբերության և աշխարհիկ աղմուկի մեջ ու նշանակում է ապրել այնպես, որ յուրաքանչյուր օր կարողանա դառնալ իրական հանդիպում Տիրոջ հետ։
Այսօր շատ մարդիկ արտաքինից թվում են հաջողված, բայց ներսում հոգնած են ու դատարկ։ Շատերն ունեն տեղեկատվություն, բայց չունեն խաղաղություն, շատերն անընդհատ լսում են աշխարհի ձայները, բայց ժամանակ չեն գտնում լսելու Աստծո ձայնը։ Եվ հենց այս իրականության մեջ է Տերը մեզ հիշեցնում, որ ամենակարևոր պատրաստությունը ոչ թե արտաքին, այլ ներքին պատրաստությունն է։
Տիրոջ գալուստին պատրաստ լինել նշանակում է ունենալ մաքուր սիրտ, նշանակում է սովորել ներել, սիրել, օգնել, աղոթել և չկորցնել հավատքը նույնիսկ դժվարությունների մեջ։ Պատրաստ լինել նշանակում է այնպես ապրել, որ մեր սիրտը մշտապես բաց լինի Աստծո ներկայության առաջ։
Տերը կարող է գալ մեր կյանք՝ ուրախության պահին կամ փորձության մեջ, լռության մեջ կամ աղոթքի ընթացքում։ Եվ երանելի է այն մարդը, ում սիրտը պատրաստ կլինի ընդունելու Նրան, որովհետև երբ սիրտը լցված է սիրով ու հավատքով, այնտեղ բնակվում է Աստծո խաղաղությունը։
Քրիստոնյայի կյանքը սպասման ճանապարհ է, բայց ոչ վախի սպասում։ Մենք սպասում ենք մեր Տիրոջը սիրով, ինչպես զավակը սպասում է իր հորը։ Եվ այդ սպասումը պետք է արտահայտվի մեր ամենօրյա կյանքում՝ մեր խոսքերի, մեր վերաբերմունքի և մեր գործերի մեջ։ Ուրեմն, թող Տիրոջ այս խոսքը մշտապես հնչի մեր հոգիներում՝ արթնացնելով մեզ հոգևոր քնից և թող մենք ապրենք այնպես, որ յուրաքանչյուր օր կարողանանք մաքուր սրտով ու լուսավոր հոգով ասել․ «Եկ, Տեր Հիսուս»։
ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ