Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Աշխարհամատրան Կիրակի (Կանաչ Կիրակի) - Ապրիլի 19, 2026Թ․

Թեմ

Հրապարակված է: 04/16/2026


ԱՇԽԱՐՀԱՄԱՏՐԱՆ ԿԻՐԱԿԻ (ԿԱՆԱՉ ԿԻՐԱԿԻ) - Ապրիլի 19, 2026թ․

«Եվ դուք, իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար»  (Ա Պետրոս 2։5)

Զատկական Հինանց շրջանում արդեն հասել ենք Սուրբ Զատիկի երրորդ կիրակիին, որը մեր Սուրբ Եկեղեցին կոչում է Աշխարհամատրան կիրակի կամ Կանաչ կիրակի։ Այս օրը մեզ հիշեցնում է Եկեղեցու հաստատման մեծ խորհուրդը։ Սա այն պահն է, երբ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության լույսը սկսում է տարածվել ամբողջ աշխարհով, և Քրիստոսի աշակերտները դառնում են այդ լույսի կենդանի կրողները։

Աշխարհամատրան Կիրակին մեզ ցույց է տալիս, որ եկեղեցին պարզապես շինություն չէ, այլ կենդանի մարմին է, որի գլուխը Քրիստոսն է, և որի անդամները մենք ենք։ Եկեղեցին ծնվեց ոչ թե քարերով, այլ հավատով, ոչ թե պատերով, այլ Սուրբ Հոգու զորությամբ՝ ինչպես ասում է Ավետարանը․ «Դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին» (Մատթ. 16:18)։

Կանաչ Կիրակի անունը ևս ունի իր խորհուրդը․ կանաչը կյանքի, աճի և նորացման գույնն է։ Սա մեզ հիշեցնում է, որ եկեղեցին մշտապես կենդանի է, մշտապես աճում է, և մենք էլ ենք կոչված աճելու հավատքի մեջ։ Եթե մենք կապված ենք Քրիստոսի հետ, ապա մեր կյանքում պետք է երևա այդ հոգևոր կանաչությունը՝ սիրո, խաղաղության, համբերության և բարության պտուղներով։

Եկեղեցին հաստատվեց, որպեսզի մարդկության համար դառնա փրկության նավ։ Եկեղեցին այն վայրն է, որտեղ մարդը հանդիպում է Աստծուն, որտեղ սիրտը բժշկվում է, և որտեղ հոգին գտնում է իր իրական խաղաղությունը։ Բայց եկեղեցին միայն այն չէ, որտեղ մենք գալիս ենք կիրակի օրերին․ եկեղեցին մենք ենք՝ մեր հավատքով, մեր գործերով, մեր սիրով։

Աշխարհամատրան կիրակին մեզ հրավիրում է նորովի վերանայել մեր տեղը եկեղեցու մեջ։ Արդյո՞ք մենք միայն այցելուներ ենք, թե՞ կենդանի անդամներ։ Արդյո՞ք մեր կյանքը վկայում է Քրիստոսի մասին։ Եկեղեցին կենդանի է այնքանով, որքանով կենդանի է մեր հավատքը։

Թող Աշխարհամատրան այս Կիրակին մեզ համար դառնա նորոգման և վերազարթոնքի օր, թող մեր հոգիները լցվեն հավատքով, մեր սրտերը՝ սիրով, և մեր կյանքը դառնա եկեղեցու կենդանի շարունակությունը այս աշխարհում։

ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները