Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Սուրբ Ծննդյան Երրորդ Կիրակի - Կիրակի, 1 Փետրվարի, 2026Թ․

Թեմ

Հրապարակված է: 01/30/2026


ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ - Կիրակի, 1 փետրվարի, 2026թ․

«Տեր, Հայ մեր, փրկիր մեզ, որովհետև սկզբից ի վեր մեզ վրա է քո անունը» (Եսայի 63։16)

Աստված մեզ համար միայն Արարիչ չէ․ Նա նախ և առաջ Հայր է։ Հայր, որ ոչ թե հեռվից է իշխում, այլ մոտիկից է սիրում։ Հայր, որ ճանաչում է Իր զավակների ձայնը, տեսնում նրանց սրտի ցավը և սպասում է նրանց վերադարձին՝ անգամ այն ժամանակ, երբ նրանք շեղվել են ճիշտ ճանապարհից։ Եսայի մարգարեի «Տե՛ր, Հայ մեր, փրկիր մեզ» խոսքը ծնվում է որդիական գիտակցությունից․ մենք գիտենք՝ Ում ենք դիմում և ինչ իրավունքով։

Մենք Աստծո որդիներն ենք՝ ոչ թե մեր արժանիքների պատճառով, այլ Նրա անսահման սիրո շնորհիվ։ Սակայն որդի լինելը չի նշանակում լինել անսխալական։ Մեր կյանքը լի է թուլություններով, սխալներով, երբեմն՝ կամավոր հեռացումով Աստծուց և Նրա կամքից։ Այդ պատճառով մենք կարիք ունենք ներման․ ոչ թե վախեցած ծառաների նման, այլ զղջացող որդիների, որոնք համարձակվում են ասել. «Հա՛յր, մեղանչել ենք»։ Եվ Հայրը, որ հարուստ է ողորմությամբ, չի մերժում այդ աղոթքը։

Աստծո անունը մեր վրա լինելը պարզապես բառ չէ։ Դա նշան է պատկանելիության, ուխտի և սրբազան պատասխանատվության։ Սկզբից ի վեր՝ մեր ծնունդից, մեր պատմությունից, մեր հավատքից, Աստված Իր անունը դրել է մեր կյանքի վրա՝ որպես լույս խավարի մեջ, որպես ուղղություն մոլորված ճանապարհներին։ Եվ երբ դժվարությունները ծանրանում են, երբ փորձությունները թվում են անտանելի, մենք չենք ասում՝ «Տե՛ր, եթե ուզես», այլ համարձակությամբ աղոթում ենք՝ «փրկի՛ր մեզ», որովհետև գիտենք՝ մենք Քո՛նն ենք։

Այս խոսքը մեզ հիշեցնում է, որ փրկությունը միայն ապագայի խոստում չէ, այլ ներկայի ապրում։ Երբ Աստծո անունը կրում ենք մեր սրտում, մեր խոսքում և մեր գործերում, այդ անունը դառնում է մեր ուժը, մեր պաշտպանությունը և մեր հույսը։ Եվ որքան էլ ժամանակները լինեն խռով, որքան էլ աշխարհը՝ անարդար, Տիրոջ անունը մեր վրա լինելը նշանակում է, որ մենք երբեք լքված չենք։

Թող այս խոսքը մշտապես հնչի մեր աղոթքներում՝ ոչ միայն որպես խնդրանք, այլ որպես վստահության խոստովանություն․ Դու Տեր, մեր Հայրն ես, և մենք Քո զավակներն ենք, փրկի՛ր և առաջնորդի՛ր մեզ, որովհետև սկզբից ի վեր և մինչև հավիտյան մեր վրա է Քո սուրբ անունը։

ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները