
«Եվ դուք, իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար» (Ա Պետրոս 2։5)
Զատկական Հինանց շրջանում արդեն հասել ենք Սուրբ Զատիկի երրորդ կիրակիին, որը մեր Սուրբ Եկեղեցին կոչում է Աշխարհամատրան կիրակի կամ Կանաչ կիրակի։ Այս օրը մեզ հիշեցնում է Եկեղեցու հաստատման մեծ խորհուրդը։ Սա այն պահն է, երբ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության լույսը սկսում է տարածվել ամբողջ աշխարհով, և Քրիստոսի աշակերտները դառնում են այդ լույսի կենդանի կրողները։
Աշխարհամատրան Կիրակին մեզ ցույց է տալիս, որ եկեղեցին պարզապես շինություն չէ, այլ կենդանի մարմին է, որի գլուխը Քրիստոսն է, և որի անդամները մենք ենք։ Եկեղեցին ծնվեց ոչ թե քարերով, այլ հավատով, ոչ թե պատերով, այլ Սուրբ Հոգու զորությամբ՝ ինչպես ասում է Ավետարանը․ «Դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին» (Մատթ. 16:18)։
Կանաչ Կիրակի անունը ևս ունի իր խորհուրդը․ կանաչը կյանքի, աճի և նորացման գույնն է։ Սա մեզ հիշեցնում է, որ եկեղեցին մշտապես կենդանի է, մշտապես աճում է, և մենք էլ ենք կոչված աճելու հավատքի մեջ։ Եթե մենք կապված ենք Քրիստոսի հետ, ապա մեր կյանքում պետք է երևա այդ հոգևոր կանաչությունը՝ սիրո, խաղաղության, համբերության և բարության պտուղներով։
Եկեղեցին հաստատվեց, որպեսզի մարդկության համար դառնա փրկության նավ։ Եկեղեցին այն վայրն է, որտեղ մարդը հանդիպում է Աստծուն, որտեղ սիրտը բժշկվում է, և որտեղ հոգին գտնում է իր իրական խաղաղությունը։ Բայց եկեղեցին միայն այն չէ, որտեղ մենք գալիս ենք կիրակի օրերին․ եկեղեցին մենք ենք՝ մեր հավատքով, մեր գործերով, մեր սիրով։
Աշխարհամատրան կիրակին մեզ հրավիրում է նորովի վերանայել մեր տեղը եկեղեցու մեջ։ Արդյո՞ք մենք միայն այցելուներ ենք, թե՞ կենդանի անդամներ։ Արդյո՞ք մեր կյանքը վկայում է Քրիստոսի մասին։ Եկեղեցին կենդանի է այնքանով, որքանով կենդանի է մեր հավատքը։
Թող Աշխարհամատրան այս Կիրակին մեզ համար դառնա նորոգման և վերազարթոնքի օր, թող մեր հոգիները լցվեն հավատքով, մեր սրտերը՝ սիրով, և մեր կյանքը դառնա եկեղեցու կենդանի շարունակությունը այս աշխարհում։
ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ