ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԵՏԻՍԸ ԱՅԴԱՀՈՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՔՈՒՄ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԵՏԻՍԸ ԱՅԴԱՀՈՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՔՈՒՄ- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
16 April 2026
DEMIRGIAN SCHOLARSHIP.

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԵՏԻՍԸ ԱՅԴԱՀՈՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՔՈՒՄ
Published - 15 April 2026

2026 թվականի ապրիլի 11-ին Այդահո նահանգի Բոիզե քաղաքի փոքրաթիվ հայ համայնքը համախմբվել էր Սուրբ Զատկի տոնի առիթով՝ միասին նշելու Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը։ Այս գեղեցիկ առիթով Այդահո նահանգ այցելեցին Սիաթըլ քաղաքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Վազգեն Ա․ քահանա Բոյաջյանը և Բարեշնորհ Միքայել սարկավագ Մարգարյանը։

Սուրբ Պատարագը մատուցեց Տեր Վազգեն քահանա Բոյաջյանը, իսկ Խորանի սպասավորությունն իրականացրեց Միքայել սարկավագ Մարգարյանը։ Եկեղեցական արարողությունը լի էր աղոթքով և հարության լույսով, որը միավորեց ներկաներին մեկ հավատքի և մեկ հույսի շուրջ։ 80-ից ավելի հավատացյալներ մեծ սիրով և նվիրումով մասնակցեցին Պատարագին՝ իրենց սրտերում վերապրելով Սուրբ Զատկի խորհուրդը։

Սուրբ Պատարագի ընթացքում Տեր հայրը հանդես եկավ Զատկական պատգամով՝ ընդգծելով Սուրբ Զատկի էությունը և Քրիստոսի Հարության կարևորությունը յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում։ Նա հիշեցրեց, որ մենք հավաքվել ենք ոչ միայն որպես համայնք, այլ որպես հավատքի կենդանի վկաներ՝ վերապրելու և միմյանց փոխանցելու Հարության բարի լուրը։ Տեր հայրը կոչ արեց ներկաներին ապրել Հարության լույսով և այն տարածել իրենց առօրյայում ու առհասարակ իրենց կյանքում։

Այնուհետև Տեր հայրը օրհնեց նորաստեղծ ծխական խորհրդի կազմի անդամներին՝ մաղթելով նրանց արդյունավետ և աստվածահաճո ծառայություն։ Նա առանձնապես շեշտեց համայնքի միասնության կարևորությունը՝ հորդորելով համախմբել Այդահո նահանգում բնակվող հայությանը և միասին կառուցել հոգևոր ու ազգային կյանքը։ Տեր Հայրը ներկաներին փոխանցեց նաև ԱՄՆ-ի Արևմտյան թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի Սուրբ Հարության շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։ Նա ընդգծեց, որ Ադահոյի համայնքի եկեղեցական կյանքի վերարթնացումն ու զարգացումը Սրբազան Հոր համար առաջնահերթ նշանակություն ունի, և այդ նպատակի համար անհրաժեշտ է ներդնել բոլոր հնարավոր ջանքերը՝ համայնքի ապագան ամուր հիմքերի վրա կառուցելու համար։

Հոգևոր միջոցառումը շարունակվեց ուրախ և ջերմ մթնոլորտում։ Մասնակիցները միասին դուրս եկան բացօթյա դաշտագնացության (պիկնիկի)։ Տեղի ունեցավ ավանդական հավկթախաղ, հնչեցին հայկական երգեր և ներկաները պարեցին հայկական պարեր՝ տոնելով Սուրբ Զատկի ուրախությունը։ Այդ օրը դարձավ ոչ միայն հոգևոր վերապրում, այլ նաև միասնության և սիրո գեղեցիկ արտահայտություն։

Զատկական այս հիշարժան օրը ևս մեկ անգամ վկայեց, որ անկախ տարածությունից, հայ համայնքը միշտ կենդանի է, երբ միավորված է հավատքով, սիրով և մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Հարության լույսով։

Print