
«Հինն անցավ, և հիմա ամեն ինչ նոր եղավ» (Բ Կորնթ․ 5:17)
Սուրբ Զատկի լույսը դեռ նոր է փայլում մեր սրտերում, և ահա մենք կանգնած ենք հաջորդ կիրակիի՝ Կրկնազատիկի կամ Նոր Կիրակիի առաջ։ Սա պարզապես տոնի շարունակություն չէ, այլ նոր կյանքի հրավեր է, նոր սկզբի հնարավորություն, երբ Հարության լույսը մեզ կոչ է անում փոխվելու, վերափոխվելու և նորոգվելու։
Նոր Կիրակին մեզ հիշեցնում է, որ Քրիստոսի Հարությունը միայն պատմական իրադարձություն չէ, այլ կենդանի իրականություն, որ պետք է արտացոլվի մեր կյանքում։ Մենք չենք կարող ասել «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» և մնալ նույնը։ Հարությունը մեզանից պահանջում է նոր սիրտ, նոր մտածում և նոր ընթացք։ Ինչպես Պողոս առաքյալն է ասում․ «Եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է,. որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նոր եղավ» (Բ Կորնթ․ 5:17)։
Նոր Կիրակին նաև մեզ հիշեցնում է առաքյալների ապրած ուրախությունը։ Երբ նրանք հանդիպեցին հարություն առած Տիրոջը, նրանց վախը վերացավ և փոխվեց անսահման ուրախության։ Այդ նույն ուրախությունը այսօր տրված է նաև մեզ, եթե մենք իսկապես ընդունենք Քրիստոսին մեր սրտերում։ Նոր Կիրակին մեզ հրավիրում է ապրել այդ ուրախությամբ՝ ոչ միայն մեկ օր, այլ ամեն օր։
Եթե Քրիստոս հարություն առավ, ապա մեր հուսահատությունները չեն կարող հաղթել մեզ։ Եթե Նա հաղթեց մահին, ապա մենք ևս կարող ենք հաղթել մեղքին, վախին ու կասկածին։ Հարության լույսը մեզ տալիս է ուժ՝ նոր կյանք սկսելու, ավելի սիրող, ավելի ներողամիտ և ավելի հավատավոր լինելու համար։
Թող այս Նոր Կիրակին իսկապես դառնա նոր սկիզբ մեզանից յուրաքանչյուրի համար։ Թող մեր հավատքը թարմանա, մեր սերը աճի, և մեր սրտերը լցվեն խաղաղությամբ ու շնորհքով։ Ապրենք այնպես, որ մեր կյանքը դառնա Քրիստոսի Հարության կենդանի վկայություն։
ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ