
Կիրակի, Մարտ 22-ին, Արեւմտյան Թեմի «Առաքելոց Լսարանը», գլխավորությամբ տիար Հայկ Մադոյանի, երեսունհինգ հոգով մեկնեց Ռանչո Միրաժ անապատի Սբ․ Կարապետ Հայց․ եկեղեցի՝ մասնակցելու Գալստյան Կիրակիի սուրբ եւ անմահ Պատարագին։
Պատարագիչը հոգեշնորհ հայր Գեւորգ վրդ․ Հայրապետյանն է, ով Երուսաղեմի Հայոց Պատրիարքության միաբան է, Ժառանգավորաց եւ Ընծայարան վարժարանի տեսուչ եւ հյուրաբար գտնվում է Արեւմտյան Թեմում։ Հոգեշնորհ հայր սուրբը սիրով հանձն առավ պատարագել Սբ․ Կարապետ եկեղեցում՝ չնայած այն հանգամանքին, որ հաջորդ օրն իսկ վերադառնալու էր Երուսաղեմի Սբ․ Հակոբյանց մայրավանք, որը վերջին շաբաթների ընթացքում դժվարին կացության մեջ է գտնվում պատերազմական գործողությունների պատճառով։
Ուխտավորները հյուրընկալվեցին Սբ․ Կարապետ Եկեղեցու հոգեւոր պատասխանատու` բարեշնորհ Գեւորգ սրկ․ Գեւորգյանի կողմից, ով ծխական խորհրդի եւ տիկնանց միության անդամուհիների հետ միասին ջերմագին ընդունելություն էր պատրաստել բոլորին։
Սբ․ Պատարագի ավարտին օրվա հակիրճ պատգամ փոխանցեց պատարագիչ հայր սուրբը, որից հետո նախնական ծրագրի համաձայն տիար Հայկ Մադոյանը ներկայացրեց «Քրիստոսի երկրորդ գալուստի սպասումը քրիստոնյայի կյանքում» խորագիրը կրող երկլեզու հակիրճ դասախոսություն։
Դասախոսությանը հաջորդեց սիրո ճաշը, որի ընթացքում ուխտավորները առիթ ունեցան մտերմիկ մթնոլորտում ծանոթանալու տեղի համայնքի անդամների հետ եւ իրենց անկեղծ շնորհակալությունը հայտնելու Գեւորգ սրկ․-ին, դպրաց դասին եւ տիկնանանց միության անդամուհիներին՝ ջերմ ընդունելության համար։ Ուխտագնացության առաջին մասն ավարտվեց խմբանկարով։
Սբ․ Կարապետից հետո ուխտավորները մեկնեցին տեղի հանրահայտ ճոպանուղին, որը նրանց տեղափոխեց 8500 ոտք բարձրության վրա գտնվող չնաշխարհիկ բնության մեջ, ուր Տիրոջ ներկայությունը յուրահատուկ կերպով ես ապրում եւ հիշում սաղմոսերգուի հանրահայտ խոսքը, թե «Երկինքը պատմում է Աստծո փառքը» (Սաղմոս 18 (19)։1)։
Ուխտավորները նույն օրն երեկոյան բարեհաջող վերադարձան իրենց տները։
«Առաքելոց Լսարան»-ը շուրջ տասնչորս տարի շարունակ նմանատիպ ուխտագնացու-թյուններ է կազմակերպում ամբողջ Արեւմտյան թեմում։ Այն հիմնվել է Արեւմտյան թեմի առաջնորդարանի աշխատակից տիար Հայկ Մադոյանի կողմից 2012թ․-ի օգոստոսին եւ վայելում է Առաջնորդ սրբազան հոր՝ Հովնան արք․ Տերտերյանի օրհնությունը։
Ծրագրի նպատակը հավատացյալների ծանոթացումն է թեմում գործող բազմաթիվ եկեղեցիների, օժանդակ կառույցների եւ նրանց անդամների հետ։
ԱՄՆ-ի բազմազգ եւ բազմամշակույթ այս միջավայրում այս ծրագիրն, ի շարս բազում առավելությունների, ունի եւս մեկը։ Այն օգնում է Հայց․ Եկեղեցու հավատացյալներին ծանոթանալ եւ արժեւորել նախնիների ստեղծած եւ հոգածության կարիք ունեցող ԱՄՆ-ի Արեւմտյան ափի մեր ժառանգությանը, չտարվել օտարների ունեցած հոգեւոր արժեքներով եւ ձուլման վտանգի առջեւ կանգնելուց խուսափել։ Ծրագրի նպատակներից մեկն էլ թեմում գործող բազմաթիվ ծուխերին խրախուսելն է նմանօրինակ ուխտա-գնացություններ կազմակերպելու եւ հյուրաբար միմյանց համայնքներն այցելելու։
Որոշակի պատկերացում կազմելու համար այս ծրագրի աշխատանքի ծավալի մասին՝ ցանկանում ենք նշել, որ միայն վերջին յոթ ամսվա ընթացքում «Առաքելոց Լսարան»ը կազմակերպել է հինգ ուխտագնացություններ։
Դրանք են․
1․ Եդեմի Սբ․ Մարիամ Աստվածածին Եկեղեցին, (օգոստոս 31, 2025)
2․ Լոս Անջելեսի Սբ․ Հակոբ Մծբնացու եկեղեցին (նոյեմբեր 30, 2025)
3․ Սակրամենտոյի Սբ․ Հակոբ Եկեղեցին (դեկտեմբեր 13-14, 2025)
4․ Կոստա Մեսայի Սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցին (փետրվար 22, 2026)
5․ Ռանչո Միրաժ անապատի Սբ․ Կարապետ եկեղեցին (մարտ 22, 2026)
Թող Տերը շարունակաբար օրհնի եւ առաջնորդի մեր ուխտավորներին եւ Իր ամենազոր աջի ներքո պահի ու պահպանի ԱՄՆ-ի Արեւմտյան թեմի բոլոր հավատացյալներին։
Դիվան Առաջնորդարանի
Մարտ 23, 2026