
«Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով․օրհնյալ լինի մեր հոր՝ Դավթի թագավորությունը, որ գալիս է» (Մարկ․ 11։9-10)
Ծաղկազարդի տոնի օրը մենք նշում ենք Հիսուս Քրիստոսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ։ Այդ օրը ժողովուրդը մեծ ուրախությամբ և ոգևորությամբ դիմավորեց Հիսուս Քրիստոսին՝ ձեռքում պահելով արմավենու ճյուղեր՝ աղաղակելով. «Օրհնություն Դավթի Որդուն, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնություն բարձունքներում» (Մատթ․ 21։9)։ Նրանց սրտերը լցված էին հույսով, հավատով և սիրով, որովհետև նրանք զգում էին, որ իրենց առջև կանգնած է Փրկիչը։
Ժողովրդի այս հիացական այս տեսարանը միայն անցյալի պատմություն չէ։ Այն այսօր էլ մեզ համար կենդանի զգացողություն է։ Ինչպես այն ժամանակ մարդիկ բացեցին իրենց սրտերը և ուրախությամբ ընդունեցին Տիրոջը, այնպես էլ մենք ենք կոչված բացելու մեր սրտերը՝ ընդունելու Քրիստոսին մեր ներսում։ Տերը ցանկանում է մտնել ոչ միայն քաղաքներ, այլ մեր հոգիները, մեր կյանքը, մեր ամենօրյա իրականությունը։
Հաճախ մեր սրտերը լցվում են առօրյա հոգսերով, շտապողականությամբ, երբեմն նաև կասկածով և վախով։ Այդ ամենը դառնում է փակ դուռ Տիրոջ համար։ Սակայն Ծաղկազարդը մեզ հիշեցնում է, որ մենք կարող ենք նորից բացել այդ դռները։ Երբ մենք աղոթում ենք, երբ սիրում ենք, երբ ներողամիտ ենք ու բարի՝ մենք ճանապարհ ենք հարթում, որ Քրիստոս մտնի մեր սրտերը ու բնակվի այնտեղ։
Տիրոջը դիմավորելը միայն խոսքերով չէ, այլ կյանքով։ Դա նշանակում է՝ ընտրել բարին, լինել խաղաղարար, օգնել կարիքավորին, և ամեն օր ապրել Աստծո ներկայության գիտակցությամբ։ Երբ Քրիստոս բնակվում է մեր սրտում, մեր կյանքը փոխվում է․ մենք սկսում ենք ապրել ոչ միայն մեզ համար, այլ նաև ուրիշների համար։
Եկեք այս օրը դառնա նոր սկիզբ մեզ համար, բացենք մեր սրտերը սիրով, ընդունենք Տիրոջը հավատով և պահենք Նրան մեր կյանքում մշտապես։ Թող մեր հոգիները լցվեն այն նույն ուրախությամբ, որով Երուսաղեմի ժողովուրդը դիմավորեց Քրիստոսին, և թող այդ ուրախությունը երբեք չմարի մեր մեջ։
ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ