
Սույն հայտարարությամբ ցանկանում ենք տեղեկացնել մեր եկեղեցու հավատավոր հոտին Գլենդել եւ Ափլենդ (Upland) քաղաքներում առկա անկանոնական դեպքերի եւ երեւույթների մասին, որոնց վերաբերյալ մեզ բազմիցս բարձրաձայնել են մտահոգ հավատացյաները։
Արդեն որոշ ժամանակ է ինչ 332 N. Pacific Ave., Glendale, CA 91203 հասցեում գործում է անկանոն կառույց «Սուրբ Սարգիս Հայց․ Առաքելական Եկեղեցի» անվանմամբ։ Այս կառույցը որեւէ առնչություն չունի Հայց․ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան Թեմի հետ։ Այն օծված չէ առաջնորդ սրբազան հոր՝ Հովնան Արք․ Տերտերյանի կողմից։ Ավելին, այս «եկեղեցու» ինքնակոչ «հոգեւոր հովիվ» ներկայացող «Տեր Պետրոս քահանա Բաղրամյանը» իրականում կարգալույծ եղած նախկին քահանա է, ում կարգը լուծարվել է Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի հրապարակած հայրապետական տնօրինությամբ (20 հունվարի, 2022), որտեղ հստակ նշվում է, որ անձը «կոչվում է ի դաս աշխարհականաց՝ Արմեն Բաղրամյան ավազանի անունով» եւ նշյալ օրից սկսած՝ չի կարող քահանայագործել Հայց․ Առաքելական Սբ․ եկեղեցում։
Քահանայական կարգի մեջ հաստատելու եւ կարգն առնելու իրավունքն եկեղեցական իշխանությանը տրված է մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի կողմից (Մատթ․ 18։18)։ Իսկ Գործք Առաքելոցում եւ Պողոս Առաքյալի նամակներում (Գործք 20։28, Ա․ Տիմ․ 3։1-7, Տիտոս 1։5-7) հստակ երեւում է, թե ինչպես Տիրոջ առաքյալները եպիսկոպոս - վերատեսուչներ, նշանակեցին Քրիստոսի եկեղեցու մեջ, որպեսզի հսկեն իրենց վստահված համայնքների հավատի ճշմարտության եւ կարգ ու կանոնի պահպանումը եւ թույլ չտան, որ ոմանք Եկեղեցին շեղեն ուղիղ ճանապարհից, իսկ հարկն եղած դեպքում դիմեն անհրաժեշտ քայլերի։
Ցավոք, Արմեն Բաղրամյանը (նախկինում՝ Տեր Պետրոս քահանա Բաղրամյան) չհնազանդ-վելով Մայր Աթոռի որոշմանը շարունակում է քահանայագործել իր իսկ հիմնած կառույցում, եւ անգամ Խորհուրդներ է կատարում՝ լինեն դրանք Սբ․ Մկրտություններ, Սբ․ Պսակներ եւ կամ Սբ․ Պատարագներ։
Վերջերս մեզ փոխանցեցին այս տարվա ընթացքում կատարված «Սբ․ Մկրտության» խորհուրդի այսպես կոչված վկայական, որտեղ անգամ մկրտողի ստորագրությունը չկա, բացակա է նաեւ վկայականի համարը իսկ կնիքն էլ անվավեր է թվում։ Ավելին, հստակ չէ, թե ինչ «Մյուռոն - Մեռոն» է օգտագործվել Սբ․ Մկրտության եւ Դրոշմի խորհուրդի ժամանակ, քանի որ նրանք իրավասու չեն այն ստանալ Մայր Աթոռից։
Նույնն է պարագան նաեւ Ափլենդ (Upland) քաղաքում գործող ինքնակոչ կառույցի, որը նույնպես օծված չէ առաջնորդ Սրբազան հոր կողմից։ Այս ինքնակոչ «եկեղեցու» «քահանան», ով ներկայանում է իբրեւ «Տեր Գեւորգ քահանա Հալաջյան» անգամ Հայց․ Առաքելական Եկեղեցու կանոնների համաձայն օծված քահանա չէ եւ վավերական քահանայական օծություն չունի։
Այս հաստատությունը ինքն իրեն կոչում է «Սբ․ Խաչ Հայց․ Առաքելական Եկեղեցի» եւ նրա հասցեն է՝ 196 S 3rd Ave, Upland, CA 91786.
Մեր թեմի բազում ազնիվ եւ աստվածավախ հավատացյալներ՝ չիմանալով այս մանրամասները ծուղակն են ընկնում եւ մասնակցում են այս «խորհուրդներին»։ Նրանցից շատերը սակայն, երբ տեղեկանում են եղելությանը՝ ընկնում են գայթակղության մեջ եւ դիմում են Առաջնորդարանի օգնությանը։
Ահա թե ինչու հորդորում ենք մեր թեմի բոլոր հավատացյալներին զգոն լինել եւ ստուգել Արեւմտյան Թեմի Առաջնորդարանի հետ որեւէ եկեղեցու եւ կամ քահանայի ինքնությունը, որպեսզի խուսափեն ինքնակոչ կամ կարգալույծ եղած անձանցից եւ հոգեւոր ծուղակն ընկնելուց։
Իսկ այն անձանց, ովքեր չիմացությամբ մկրտվել կամ պսակվել են վերեւում նշված այս երկու կառույցներում՝ խնդրում ենք դիմել Առաջնորդարան համապատասխան ուղղություն եւ օգնություն ստանալու համար։
Դիվան Առաջնորդարանի
Մարտ 26, 2026