ՄԵԾ ՊԱՀՔԻ ՉՈՐՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ - 8 մարտի, 2026թ․ ՄԵԾ ՊԱՀՔԻ ՉՈՐՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ - 8 մարտի, 2026թ․- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
11 March 2026
DEMIRGIAN SCHOLARSHIP.

ՄԵԾ ՊԱՀՔԻ ՉՈՐՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ - 8 մարտի, 2026թ․
Published - 6 March 2026

«Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ» (Ղուկաս 16։8)

Անիրավ Տնտեսի կիրակին մեզ կանգնեցնում է մի խոր հարցի առաջ․ ինչպե՞ս ենք մենք տնօրինում այն ամենը, ինչ Աստված վստահել է մեզ։ Առակի մեջ տնտեսը մեղադրվում էր իր տիրոջ ունեցվածքը վատնելու մեջ։ Երբ նա լսեց, որ պետք է հաշիվ տա, հասկացավ, որ ժամանակը սահմանափակ է։ Եվ հենց այդ գիտակցումն էր, որ նրան մղեց արագ ու վճռական քայլի։ Նրա խոհեմությունը կայանում էր ոչ թե անիրավության մեջ, այլ այն փաստում, որ նա հասկացավ իրավիճակի լրջությունը և գործեց ապագան մտածելով։

Տերն ասում է․ «Անիրավ մամոնայից ձեզ բարեկամներ շահեցեք»։ Մամոնան խորհրդանշում է նյութական հարստությունը, որը կարող է կապել մարդու սիրտը երկրայինին։ Սակայն Քրիստոս մեզ սովորեցնում է հակառակը՝ նյութականը դարձնել գործիք հոգևորի համար։ Երբ մեր ունեցածը դառնում է ողորմություն, աջակցություն, ծառայություն և բարիք, այն այլևս չի ծառայում մեզ ստրկացնելուն, այլ դառնում է ճանապարհ դեպի հավիտենական արժեքներ։

Մենք բոլորս էլ տնտեսներ ենք։ Մեզ վստահված են ժամանակ, տաղանդներ, հարաբերություններ, հնարավորություններ։ Այսօր մեր աշխարհում ամեն ինչ չափվում է հաջողությամբ, գումարով և դիրքով։ Շատերը իրենց ապահովությունը կառուցում են միայն նյութականի վրա։ Սակայն Անիրավ Տնտեսի առակը հիշեցնում է, որ մենք բոլորս տնտեսներ ենք՝ մեզ վստահված ժամանակի, կարողությունների և ունեցվածքի։ Մի օր մեզանից նույնպես հաշվետվություն է պահանջվելու։ Հարցը սա է․ ինչպե՞ս ենք օգտագործում մեզ տրվածը։ Արդյո՞ք այն ծառայում է միայն մեր շահին, թե դառնում է կամուրջ ուրիշների դեպի Աստված։

«Անիրավ մամոնայից բարեկամներ շահել» նշանակում է նյութականը դարձնել սիրո լեզու, օգնության ձեռք, կարիքավորի կողքին կանգնելու միջոց։ Այն, ինչ այսօր բաժանում ենք, վաղը դառնալու է հավիտենական վկայություն։

Թող այս կիրակին մեզ սովորեցնի լինել խոհեմ տնտեսներ։ Թող մենք գիտակցենք, որ ամեն ինչ անցողիկ է, բացի սիրուց։ Եվ երբ գա մեր հաշվետվության օրը, թող մեր գործերը վկայեն, որ մենք նյութականը ծառայեցրել ենք հավիտենականին, և սիրով ենք պատրաստել մեր ճանապարհը դեպի Աստծո արքայություն։

ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Print