
2026 թ․ ապրիլի 6-ը դարձավ նոր հույսի և լույսի օր գլենդելահայության համար։ Վաղ առավոտյան արևի նորաբաց, ջերմացնող շողերը, ոսկեզօծ բոցերի պես ճեղքելով ամպերը, իջնում էին դեպի նորակառույց եկեղեցու գմբեթը, մինչ մեղմ քամին՝ կարծես օրհնված հոգևոր շնչով, սրբազան հույզեր էր փոխանցում ներկաների սրտերին։ Այդ օրը տեղի էր ունենում մի իրադարձություն, որը վեր էր մարդկային սովորական հուզմունքից՝ հայոց նորակառույց եկեղեցու գմբեթի օրհնյալ բարձրացումը՝ ձգված դեպի երկինք՝ հավատքի և աղոթքի անսասան խորհրդով։
ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի շուրջ համախմբվել էին թեմական խորհրդի ատենապետ Դերիկ Ղուկասյանը, նորակառույց եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամները՝ Հովհաննես Դավիթյանի գլխավորությամբ, հանրահայտ ճարտարապետ Արամ Ալաջաջյանը, շինարարությունն իրականացնող կազմակերպության ղեկավար Բարսեղ Ունջյանը, ինչպես նաև բարերարներ, հավատացյալներ և հյուրեր։ Նրանց ներկայությունը վկայում էր այս առաքելության համայնքային և հոգևոր առանցքային նշանակության մասին։

Նորակառույց եկեղեցու հոգևոր հովիվ, արժանաշնորհ Տ. Մանուկ ավագ քահանա Մարգարյանը կանգնած էր գմբեթի կողքին՝ լռակյաց աղոթքի մեջ խորասուզված, հայացքը դեպի վեր ուղղած՝ ասես անհամբեր սպասելով այն օրվան, երբ գմբեթը կարժանանա Տերունական Նշանի և լիակատար օրհնության։
Ներկաների հուզառատ հայացքների ներքո գմբեթը, արքայական վեհությամբ, դանդաղ բարձրանում էր դեպի երկինք՝ դառնալով անսասան հավատքի կենդանի վկայություն։ Այն խոյանում էր վեր՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև յուրաքանչյուրի հոգում՝ հիշեցնելով այն ճշմարտությունը, որ որտեղ կա հայ, այնտեղ երբեք չի մարում Լուսավորչի կանթեղը։ Աղոթքներն ու օրհնությունները լցրեցին ամբողջ տարածքը՝ ներշնչելով ներկաներին այն զգացողությամբ, թե երկինքը բացվել է, և Հարուցյալ Փրկիչն Ինքն է օրհնում այդ խորհրդավոր պահը։

Շինհրապարակը, լեցուն հավատավոր ժողովրդի աղոթքներով և ժպիտներով, դարձավ միասնության կենդանի խորհրդանիշ։ Այդ սրբազան զգացումն իր գագաթնակետին հասավ գմբեթի տեղադրումից հետո, երբ Հովնան սրբազանի առաջնորդությամբ կատարվեց միասնական աղոթք՝ ուղեկցված հոգեզմայլ շարականների երգեցողությամբ։ Այնուհետև, հնավանդ սովորության համաձայն, ներկաները ճաշակեցին մատաղ՝ որպես սիրո և երախտագիտության խորհրդանիշ։
Հայ արդի ճարտարապետությանը համահունչ եկեղեցին լինելու է ոչ միայն երիտասարդների աղոթքի տուն, այլև համայնքի կենդանի հոգևոր սիրտը, որտեղ պիտի հանդիպեն սերը, հավատը և հայրենասիրությունը։ Համալիրն ունենալու է ամենօրյա հայկական և շաբաթօրյա դպրոցներ, իսկ կից բաց խորանը նախատեսված է Ջրօրհնեքի, Խաղողօրհնեքի և այլ հոգևոր արարողությունների համար՝ ընդունելով մինչև 700–800 հավատացյալ։ Եկեղեցու չորս պատերը կրելու են խորհրդանշական անվանումներ՝ Հավատք, Հույս, Սեր և Մկրտություն՝ մարմնավորելով քրիստոնեական կյանքի հիմնասյուները։
Փա՜ռք Աստծուն, որ Արևմտյան թեմի հավատավոր ժողովուրդը գիտակցում է, որ բոլորը կարող են իրենց մասնակցությունն ունենալ այս հոյակերտ սրբավայրի կառուցման սրբազան գործում։ Յուրաքանչյուր նվիրատվություն՝ լինի փոքր թե մեծ, յուրաքանչյուր աղոթք՝ հնչած անկեղծ սրտից կամ նյութական օգնություն, դառնում է մի քար այս սրբավայրի հիմքում։ Իսկ դրա փոխարեն «Տերն օրհնում է նրան, ով տալիս է բարի սրտով» (Ղևտ. 28։20), որովհետև «Աստված սիրում է ուրախ տվողին» (Բ Կորնթացիս 9։7)։
Համոզված ենք, որ ինչպես նախկին, այնպես էլ ապագա նվիրատվությունները երկնքում դառնալու են վառվող աստղեր, որոնք, միավորվելով մյուսների հետ, պիտի կազմեն լուսեղեն մի երկնակամար՝ լի օրհնությամբ ու երախտագիտությամբ։ Թո՛ղ յուրաքանչյուր բարի գործ վերածվի անշեջ լույսի՝ ջերմացնելով սերունդների սրտերը։
Հարկ է նշել, որ այս եկեղեցին միայն շինություն չէ․ այն հավատքի կենդանի մարմնավորում է, մեր ինքնության պահպանության վկայությունը և ապագայի հանդեպ վստահության ամուր հենարանը։ Եվ որքան ավելի միասնական ու նվիրումով լինի մեր մասնակցությունը, այնքան առավել փառավոր ու լուսավոր կլինի այս սրբավայրի առաքելությունը՝ դառնալով խաղաղության, աղոթքի և աստվածային շնորհների անսպառ աղբյուր բոլոր նրանց համար, ովքեր կմտնեն նրա սուրբ շեմից ներս։