ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ ՄԵԾ ՊԱՀՔԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ - 15 մարտի, 2026թ․ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ ՄԵԾ ՊԱՀՔԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ - 15 մարտի, 2026թ․- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
22 March 2026
DEMIRGIAN SCHOLARSHIP.

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ ՄԵԾ ՊԱՀՔԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ - 15 մարտի, 2026թ․
Published - 13 March 2026

«Հույսով ուրախացեք, նեղության համբերեցեք, հաճախակի աղոթեցեք» (Հռոմ․ 12։12)

Մեծ Պահքի Դատավորի կիրակին մեր ուշադրությունը կենտրոնացնում է մի խորիմաստ ավետարանական առակի վրա, որտեղ խոսվում է անիրավ դատավորի և մի այրի կնոջ մասին։ Այդ կինը շարունակ գալիս էր դատավորի մոտ և աղերսում, որ նա տեսնի իր դատը։ Թեպետ դատավորը երկար ժամանակ չէր ցանկանում լսել նրան, սակայն այրի կնոջ համառությունն ու անդադար դիմելը վերջապես ստիպեցին նրան արդար դատ անել։

Այս առակը մեզ առաջին հերթին խոսում է հարատևության մասին։ Այրի կինը չհուսահատվեց, չլռեց և չդադարեց իր խնդրանքը ներկայացնել։ Նա հավատում էր, որ արդարությունը վերջապես կհաղթի։ Հենց այդ համառ հավատն է, որ Քրիստոս մեզ համար ներկայացնում է որպես օրինակ։

Տերը այս առակով ուզում է սովորեցնել մեզ աղոթքի կարևորությունը։ Աղոթքը միայն բառեր չէ․ այն կենդանի կապ է Աստծո հետ։ Երբ մարդը աղոթում է, նա բացում է իր սիրտը, վստահում իր ցավը, իր հույսը և իր կյանքը Աստծուն։ Բայց հաճախ մենք ուզում ենք արագ պատասխաններ, և երբ դրանք անմիջապես չենք ստանում, սկսում ենք հուսահատվել։ Այս առակը հիշեցնում է, որ իրական հավատը համբերատար է և հարատև։

Այրի կնոջ համառությունը մեզ սովորեցնում է, որ աղոթքը պետք է լինի մշտական։ Երբ մարդը աղոթում է ամեն օր, նրա սիրտը փոխվում է։ Աղոթքը միայն խնդրանք չէ, այլ նաև վստահություն, որ Աստված լսում է մեզ, նույնիսկ երբ մենք դեռ չենք տեսնում պատասխանը։

Մեր օրերում աշխարհը լի է անհանգստությամբ, արագությամբ և աղմուկով։ Շատ մարդիկ մոռանում են աղոթքի մասին և կամ կարծում են, թե այն անիմաստ է։ Սակայն հենց աղոթքն է, որ ուժ է տալիս մարդուն դժվարությունների մեջ, խաղաղություն բերում սրտին և հույսով լցնում մեր հոգիները։

Դատավորի և այրի կնոջ առակը մեզ հիշեցնում է, որ եթե անգամ անիրավ դատավորը լսեց նրա խնդրանքը, ապա որքան առավել մեր երկնավոր Հայրը լսելու է Իր զավակների աղոթքը, քանի որ Աստված երբեք անտարբեր չէ մեր ձայնի նկատմամբ։

Թող այս կիրակին մշտապես մեզ հիշեցնի աղոթքի մեծ ուժը։ Երբ մարդը չի դադարում դիմել Աստծուն, նրա սիրտը լցվում է հույսով, հավատով և ներքին խաղաղությամբ։ Եթե այրի կնոջ համառ աղերսանքը կարողացավ շարժել անիրավ դատավորին, ապա որքան առավել մեր երկնավոր Հայրը կլսի Իր զավակների աղոթքը։ Այդ պատճառով երբեք չհուսահատվենք, երբեք չլռեցնենք մեր աղոթքը, այլ հավատով շարունակենք դիմել Աստծուն։ Որովհետև այն սիրտը, որը մշտապես աղոթքով դիմում է Տիրոջը, վերջապես գտնում է Նրա ողորմությունն ու արդարությունը։

ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ