Ո՞ՐՆ Է ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ԳՐՔԵՐԸ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՃՇՄԱՐԻՏ ՄԻՋՈՑԸ
Եկեղեցու առաքելական և ուղղափառ վարդապետությամբ առաջնորդվելը:
Վերոհիշյալ համոզումը կենսական նշանակություն պետք է ունենա քրիստոնյայի համար: Մենք չպիտի մոռանանք, որ Քրիստոս հատուկ իշխանությամբ օժտեց և զատորոշեց Իր առաքյալներին մյուս բոլոր հետևորդներից. «Ձեզ է տրված իմանալու Աստծո արքայության խորհուրդները, բայց նրանց համար, որ ձեզնից դուրս են ամեն ինչ առակներով կլինի» (Մարկ. 4:11): Ավելին, մեր Տերը հատուկ շնորհ տվեց առաքյալներին հասկանալու Սուրբ Գրքերը. «Այն ժամանակ բացեց նրանց մտքերը, որ հասկանան գրքերը» (Ղուկ. 24:25):
Ահա այդ է պատճառը, որ Առաքյալները պայքար մղելով ժամանակի կեղծ քրիստոնեական ուսմունքների դեմ, որոնք հակառակվում էին իրենց՝ խրոխտ հայտարարում էին․ «Մենք ունենք Քրիստոսի մտածումը (միտքը)» (Ա. Կորնթ. 2:16)։
Սույն մեջբերումը հստակ փաստում է, որ առաքելական ուսմունքն ու մտայնությունը միակ ընդունելին է։ Հայց. Եկեղեցու սրբազան հայրերը քաջ գիտակցել են այդ, և խրատել են մեզ ասելով՝. «Պետք է մտքերը ուղղափառության վարժել, քանզի, երբ նրա իմացումը մեր մեջ արմատավորվի, արտաքին ուսմունքները մեզ չեն կարողանա վնասել» (Սուրբ Գրիգոր Տաթևացի, Ձմերան հատոր, քարոզ ԿԱ):
ԻՆՉՊԵ՞Ս ՓՈԽԱՆՑՎԵՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԻՏՔԸ ՀԵՏԱԳԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ
Եկեղեցու սրբազան հայրերի մեկնողական գրականության միջոցով: Հայց. Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին՝ լինելով Քրիստոսի Սուրբ Մարմնի մի մասը, շատ մեծ կարևորություն է տվել Ընդհանրական Եկեղեցու հայրերի Սբ. Գրային մեկնություններին: Գրերի գյուտից (405 թ.) անմիջապես հետո Աստվածաշնչի թարգմանությանը զուգահեռ սկսեցին թարգմանվել ընդհանրական Եկեղեցու մեծանուն հայրերի շատ մեկնություններ: Դրանցից են օրինակ, Սբ. Բարսեղ Կեսարացու «Վեցօրյա արարչության մասին» աշխատությունը, Սբ. Հովնան Ոսկեբերանի մեկնողական հարսուստ գրականությունը, Սբ. Կյուրեղ Ալեքսանդրացու մեկնությունները նվիրված Ծննդոց գրքին և Պողոս Առաքյալի թղթերին ինչպես նաև շատ ու շատ այլ աշխատություններ:
Թարգմանիչների համար հստակ էր, որ Աստվածաշունչն հայերեն թարգմանելը դեռ գործի կեսն էր, քանի որ Աստվածաշունչը անօգուտ և անգամ վնասակար կարող էր լինել, եթե այն սխալ հասկացվեր: Այդ է պատճառը, որ Հայց. Եկեղեցու սրբազան մեկնիչներն, որոնք կարելի է դասել համաշխարհային մեծությունների շարքին, աչքի լույսի պես պահել են եկեղեցու ուղղափառ մեկնության հիմքերը: Այսպես, Սբ. Ներսես Շնորհալին, անդրադառնալով վերոհիշյալ հարցին շարադրում է իր խոսքը՝ «Ոչ թէ նոր բան ավելացնելով, այլ ՝ առաքյալների, մարգարեների, և սուրբ հայրերի հիմքի վրա համառոտ խոսքով կառուցելով, որպեսզի որևէ մեկը չշեղվի ճշմարտությունից» (Թուղթ Ընդհանրական):
Փաստորեն մեր մեծերն, ոչ թե չիմացության պատճառով են խուսափել նորարարություններից, այլ գիտակցաբար զգուշացել են առաքելական հավատին հարազատ ուսմունքներ առաջ բերելուց: Նրանք իրենց խոսքը հատուկ «կառուցել» են ուղղափառ հիմքի վրա, որպես «որևէ մեկը ճշմարտությունից չշեղվի»:
Իրապես. «Սուրբ Գիրքն ընթերցելու մեջ չէ, այլ՝ հասկանալու» (Հիլարի Պոիտերացի- 4-րդ դար):
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ՔՐԻՍՏՈՆՅԱՆ ՀԱՍԿԱՆԱԼ ՍՈՒՐԲ ԳՐՔԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԻՄԱՍՏԸ
Այս հարցի պատասխանը կարելի է գտնել նույն Սբ. Գրքում:
Գործք Առաքելոցում հանդիպում ենք մի ուշագրավ դրվագի, որին թերևս շատ քչերն են պատշաճ ուշադրություն դարձրել: Գրքի 8-րդ համարում Փիլիպպոս առաքյալը, Սուրբ Հոգուց հրահանգ ստանալով, մոտենում է եթովպացի մի ներքինու, և, նկատելով, որ նա Աստվածաշունչն է ընթերցում, հարցնում է. «Հասկանո՞ւմ ես արդյո՞ք ինչ որ ընթերցում ես»: Ներքինին պատասխանում է,-Ինչպես կկարողանամ հասկանալ, եթե մեկն ինձ չառաջնորդի, -և խնդրում է առաքյալին, որ կառք բարձրանա և հատվածը մեկնելու համար նստի (Գործք Առաքելոց 8:31):
Այս դրվագից կարևոր դասեր կարելի է քաղել:
Նախ՝ պետք է գիտակցենք, որ Սուրբ Հոգին միջոցներ է օգտագործում աստվածային ճշմարիտ ուսմունքը մեզ փոխանցելու համար (Ուղղափառ գրքերի, թերթերի, ամսագրերի, հեռուստատեսության, ռադիոյի, համացանցի (internet) և, ի հարկե, աe8gռաքելաշավիղ Եկեղեցու միջոցով):
Պետք է եթովպացի մարդու նման խոնարհաբար գիտակցենք, որ Սուրբ Գրքերը ճիշտ հասկանալու համար կարիք ունենք առաքելական իշխանությամբ կատարված ուղիղ մեկնության:
Եվ վերջապես, վստահորեն հրավիրենք և կամ խնդրենք ուղղափառ վարդապետությանը գիտակ հոգևորականներին՝ մեզ առաջնորդելու:
Արդարև, խնդրենք և պիտի տրվի մեզ, փնտրենք և պիտի գտնենք, բախենք և պիտի բացվի մեր առջև (Մատթ. 7:7):