St. Leon Church "Sound of Children" Summer Camp Click Here to lean more
2025 թ․-ը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցի համար հոբելյանական տարի է, որովհետև լրանում է վարժարանի 25 ամյակը։ Եթե համառոտ հետադարձ հայացք նետենք նախորդ շրջանին կարող եք ասել, որ 2024-25 ուստարվա ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, հայրենասիրական ծրագրեր ու կրթական նախաձեռնություններ, որոնք ձևավորել են սեր ուսման և ազգային արժեքների նկատմամբ։
Տարեշրջանում դպրոցն աչքի է ընկել ստեղծագործական բազմաթիվ միջոցառումներով։
Սեպտեմբերի 28-ին աշակերտները ծաղիկներով, աղոթքով և ազգային հպարտությամբ ու խոնարհումով հիշեցին Արցախյան պատերազմի հերոսներին։
Նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ ազգային փառատոն, որի ընթացքում ցուցադրվեց երեխաների կողմից պատրաստված հայկական ավանդական ուտեստների ընտրանին։ Միջոցառման նպատակն էր ավելի մոտ գտնվել հայկական ազգային խոհանոցի ակունքներին։ Մասնակիցները հնարավորություն ունեցան վայելելու հայկական խոհանոցի ավանդական կերակրատեսակները, իսկ նրանց սրտաբուխ նվիրատվություններն ուղղվեցին «Հայաստան ծառատունկ» ծրագրին և արցախցի մեր հայրենակիցներին:
Բացառիկ էին ներդասարանական միջոցառումները։ Սկսնակներն իրենց գրաճանաչությունը նշանավորեցին «Այբբենարան» խորագրով պաստառներով՝ ապացուցելով, որ արժանի սաներն են Սահակ-Մեսրոպյան հրաշքի։
Երկրորդ դասարանի՝ Կոմիտասին նվիրված աշխատանքները դարձան հարգանքի ու շնորհակալության յուրահատուկ արտահայտություն՝ շաղախված երգով ու ասմունքով։
Երրորդների նկարներում աշունը դարձավ հեքիաթ՝ առանձնահատուկ ջերմությամբ և երփներանգ գույներով։ Նրանց մեկ այլ՝ «Հայկական Եկեղեցիներ» խորագրով աշխատանքները, իսկական քրիստոնեական արժեքների պահպանման գրավական էին։
Չորրորդ դասարանի աշակերտները գեղեցիկ ակնարկ կատարեցին մեր ժամանակակից, բայց մշակութային ինքնությունը պահպանած Հայաստանի վարդագույն քաղաքամայր Երևանի մասին՝ շնորհավորելով նրա հիմնադրման 2806-ամյակը։ Մոտ գտնվելով հայկական խոհանոցի ակունքներին՝ նրանք նաև պատրաստեցին ավանդական Գաթա։
Հինգերորդի սաները, ուսումնասիրեցին հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցը՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանը, պատրաստեցին Թռչնագիր տառերով մագաղաթներ, իսկ վեցերորդ դասարանը ներկայացրեց մայրենի լեզվի վեհությունը ու այն պահպանելու անհրաժեշտությունը։
Հիշարժան էր դեկտեմբերի 21-ին Ս. Ղևոնդյանց մայր տաճարում անցկացված Սուրբ Ծննդյան և Ամանորի տոնական հանդեսը՝ հայրենիքից ժամանած առատաձեռն Ձմեռ պապիկով, նվերներով, երգով ու տաղով։
Ցեղասպանության հիշատակության օրը աշակերտները, ավանդաբար ծաղիկներ խոնարհեցին սուրբ նահատակների խաչքարի առջև և ուխտեցին հավատարիմ մնալ ազգային վեհ արժեքներին։
Գարնան գալուստի հետ Արագացված դասարանում հնչեց «Հրաժեշտ դպրոցին» բաց դասը։ Այն լի էր դպրոցական հիշողություններով և շնորհակալական խոսքերով։
Այս ամենով հանդերձ տարվա ամենասպասված միջոցառումը մայիսի 17-ին էր։
Առավոտ էր, Բրբենքյան լուսապայծառ առավոտներից մեկը․․․
Լուսաբացն արևով լցրեց օրն ու արթնացրեց «Փոքրիկ հրեշտակներ»-ին՝ խոստանալով անմոռաց ու տոնական դարձնել այն. ավարտական հանդեսների մեկնարկն այլևս տրված էր։
Հայ մնալն արվեստ է, այդ արվեստին տիրապետելը՝ մեծագույն երջանկություն։ Այսօրվա հրամայականն էլ ավելի խիստ է․ հայն այլևս սխալվելու իրավունք չունի։
Ամերիկյան բազմազգ ու բազմամշակույթ իրականության մեջ սեփական ազգային ինքնությունը պահելն անհրաժեշտություն է։ Խառնիճաղանջ մշակութային բախումների խաչմերուկում մեր լինելիության միակ գրավականը դպրոցն է ու կրթությունը, մեր պարագայում՝ հայկական դպրոցն ու հայեցի դաստիարակությունը։ Աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ կա հայկական համայնք, այնտեղ կա հայկական վարժարան։ Աշխարհաճանաչման լեզուները կարող են տարբեր ու շատ լինել, բայց հայ մնալու արվեստի դասավանդման լեզուն, հային զգալու ու սիրելու, ինքնությունը բացահայտելու ու ճանաչելու լեզուն միայն հայերենն է։ Դեռևս 19-րդ դարում մեծագույն գրողներից մեկը՝ Ջորջ Բյրոնն ասել է․ «Եթե ուզում ես հպարտանալ, հպարտացի՛ր իտալերեն։ Եթե ուզում ես սեր խոստովանել, խոստովանի՛ր ֆրանսերեն։ Եթե ուզում ես հայհոյել, հայհոյի՛ր թուրքերեն։ Եթե ուզում ես Արևելքն զգալ, կարդա՛ պարսկերեն։ Եթե ուզում ես աղոթել, աղոթի՛ր հայերեն։ Աստծու հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»։ Հայի դիմանկար կերտող վրձինը նկարում է հայերեն, հայի արձանը քանդակվում է հայերեն, կարոտը երգում է հայերեն․․․
Բրբենքյան առավոտը տոնական էր Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս․ Ղևոնդյանց մայր տաճարում։ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա վարժարանի սաները մեծ ոգևորությամբ շտապում էին կրթօջախ, դպրոց, որն ունի շուրջ 25 տարվա պատմություն, և որը մշտապես կամրջել է հայրենիքն ու սփյուռքը։ Այն հիմնադրվել է 2000 թ․-ին՝ Նշան և Մագի Բլիկյանների ազնիվ մտահղացմամբ, ապա 2010 թ․-ին Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի օրհնությամբ վերակազմավորվել է Ս․Ղևոնդյանց մայր տաճարի հովանու ներքո։ Եկեղեցու խնկաբույր պատերի ներսում ամեն շաբաթ կրթվում են փոքրիկ հրեշտակները՝ վարժարանի տնօրեն բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի գլխավորությամբ։ Այո՛, ամեն շաբաթ օր հայոց լեզուն, խառնվելով խունկի բույրին, մի յուրօրինակ մթնոլորտ է ստեղծում եկեղեցում․ մենք բոլորս մեր փոքրիկ Հայաստանն ենք գտնում այստեղ, ուր մենք երջանիկ ենք հայերեն․․․
Ամեն շաբաթ եկեղեցու պատերի ներսում վերածնվում են մեր պատմական հերոսները, որոնք ամենագեղեցիկ ու կարոտով շաղախված հայերենով փոխանցում են մեր պատմությունը․ մի դասասենյակում Մաշտոցն է խոսում՝ բացելով ոսկեղենիկ այբուբենի գաղտնիքները, մյուսում՝ Շիրազը՝ գրկելով ծերացած մորը, մեկ այլ սենյակից լսվում է Թումանյանի հառաչանքը՝ ուղեկցվելով Անուշի խենթ ծիծաղով, մյուսում «Երևանն է խոսում», ինչպես կասեր ֆրանսահայ Ժակ Դուվալյանը, մի տեղ էլ Դավիթն է՝ Թուր կեծակին ձեռքին։
«Մեր մեծերը» խորագիրն ավելի քան խոսուն է, քանզի ինքնության ճանաչման պատասխանատու ճանապարհին շատ կարևոր է իմանալ, թե ո՞վ ենք մենք, ինչպիսի՞ն է մեր դերը մարդկության պատմադարանում։
Փիլիսոփայական հարցին «Փոքրիկ հրեշտակները» փորձեցին պատասխանել ամավերջի հանդեսին՝ անդրադառնալով «Հայ Մեծերին»՝ Նարեկացուն ու Սայաթ Նովային, Թումանյանին ու Իսահակյանին, Չարենցին, Համո Սահյանին, Պարույր Սևակին, «Իմ սիրտը լեռներում է» կարգախոսով ապրած Վիլյամ Սարոյանին, Շառլ Ազնավուրին, գեղեցիկը արտացոլող նկարիչներ Մարտիրոս Սարյանին, Հովհաննես Այվազովսկուն, քանդակագործ Երվանդ Քոչարին, մեծ դերասան Վահրամ Փափազյանին, հայրենիքին շունչ ու ոգի պարգևող Գարեգին Նժդեհին և այլոց։
Աշխարհում խաղաղությունն ամենից շատ հայ ժողովրդին է պետք եկել։ Հայաստան աշխարհը միշտ ավերվել է, բայց, երբ խաղաղության կարճատև տարիներ են եղել, արարել է Հայը՝ ստեղծելով արվեստի հրաշքներ։ Հայ Մեծերը, ուր էլ որ եղել են, իրենց երգերով, խոսքով, մտքով հուշել են, որ միայն հավաքական ուժն է մեզ ապրեցնելու։
Աշակերտների ասմունքը զուգակցվում էին Կոմիտասի, Շառլ Ազնավուրի, Առնո Բաբաջանյանի երգերով՝ ներկաներին տանելով ուրիշ մի աշխարհ՝ մտքի, հոգու, ապրումի, գեղեցիկ ու քնքուշ զգացողությունների, նուրբ ու խոր ընկալումների, վեհ օթևաններ։
Հանդեսին ներկա շուրջ 400 ծնողների ու հրավիրյալների կողքին էր նաև օրվա պատվավոր հյուրերից դպրոցի հիմնադիր տիկին Մագի Բլիկյանը։
Միջոցառման առաջին մասի ավարտին Հովնան սրբազանի օրհնությամբ և արժանապատիվ Տ․ Խաժակ քահանա Շահբազյանի ձեռքով 1-ին դասարանցիներն ստացան Տառաճանաչության վկայականներ, որից հետո այն շարունակեցին ավագ դասարանցիները՝ ուխտելով, որ «Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ - շատանա՜նք»։
Իր շնորհակալական խոսքում դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը բարձր գնահատեց Մագի Բլիկյանի ավանդը հաստատության կայացման գործում, հավելելով, որ նրա երբեմնի նորածին զավակն այսօր արդեն կայացած երիտասարդ է՝ նոր ձեռքբերումներով և առաջընթացի հստակ տեսլականով։ Ապա եկեղեցու հովիվ, արժանաշնորհ Տ․ Խաժակ քահանա Շահբազյանը «Հայաստան Ծառատունկ» ծրագրի անունից շնորհավորական մասնավոր գրություն հանձնեց կրթօջախի տնօրենին։ Դպրոցի ողջ անձնակազմը, գիտակրթական հանձնախմբի պատասխանատու դոկտոր Էլի Անդրեասյանի գլխավորությամբ, ստացան գեղեցիկ հուշանվերներ, իսկ վեց և ավելի տարի ծառայած ուսուցիչներն արժանացան առաջնորդ Սրբազան հոր «Օրհնության գրին»։
Պետք է խոստովանել, որ դպրոցում դասավանդող մանկավարժները, որոնք ունեն տարբեր երկրներում և հաստատություններում աշխատելու հարուստ փորձ ու հմտություններ, իրենց նվիրական աշխատանքի շնորհիվ աշակերտների մեջ կարողացել են բացահայտել նրանց ներուժը, ազգային ու հոգեմտավոր ինքնատիպությունը։ Ուսուցիչները, համընթաց զարգացնելով սաների ստեղծագործական ու լեզվական հմտությունները, դպրոցականների մեջ ձևավորել են անցյալն իմանալու և կարևորելու, ներկան գնահատելու և վստահ քայլերով դեպի ապագան շարժվելու հաստատակամությունը։
Հոբելյանական միջոցառման ավարտին ներկաներին իր օրհնությունը բաշխեց աշակերտների ամենասիրելի Հովնան Սրբազանը, որը նախ և առաջ շնորհավորեց երեխաներին, ովքեր պարգևեցին հոգևոր և ազգային արթնության հրաշալի պահ՝ հիշեցնելով հայ մեծերի մասին, ովքեր պատմություն են կերտել։ Ապա իր մասնավոր շնորհակալությունը հայտնեց եկեղեցու հովիվ, արժանապատիվ տեր Խաժակ քահանա Շահբազյանին, դպրոցի երկարամյա տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանին, ուսուցիչներին, ծնողներին։
«Փոքրիկ հրեշտակներ» դպրոցի հիմնադրման 25-ամյակի առթիվ Սրբազան հայրն իր օրհնությունը բերեց նաև դպրոցի հիմնադիր տիկին Մագի Բլիկյանին՝ անդրադառնալով նրանց ընտանիքի կատարած մնայուն ծառայություններին նվիրված մեր համայնքին ու եկեղեցուն։ Սրբազան հայրն ընդգծեց, որ այս ամենը եղել է մեծ հավատքի, սիրո և անձնվեր աշխատանքի արդյունք։
«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցի պատմության մեջ այս ուսումնական տարին ևս դարձավ մեկ լուսավոր էջ՝ լի սիրով, մեծ նվիրումով և հայրենասիրական շնչով։ Աշակերտները մեկնեցին հանգստի, իսկ դպրոցի ղեկավարությունը մեկնարկել է նոր տարեշրջանի նախապատրաստական աշխատանքները, որովհետև գալ տարվանից սկսած դպրոցը դառնում է յոթամյա։ Վերազինվում են դասարանները նոր համակարգիչներով և ժամանակակից կրթական ծրագրերով, որպեսզի վերամուտը, որը լինելու է օգոստոսի 16-ին, լինի նոր ու շարունակական հաջողությունների ու նոր գիտելիքների ձեռքբերման փառահեղ շրջան։
Սերինե Արամյան