ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՍԻԱԹԸԼԻ Ս․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՍԻԱԹԸԼԻ Ս․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
30 June 2025

St. Leon Church "Sound of Children" Summer Camp Click Here to lean more

DEMIRGIAN SCHOLARSHIP

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՍԻԱԹԸԼԻ Ս․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Published - 10 January 2020

Հունվար 5-ի երեկոյան Ճրագալույցի և Հունվար 6-ի առավոտյան մատուցվող սուրբ ծննդյան պատարագները սկսվեցին «Հայր Մեր» Տերունական աղոթքով։ Հարյուրավոր հավատացյալների աղոթասաց սրտերը լցվել էին եկեղեցում տիրող հոգևոր անպատմելի զգացողությամբ։ Կարծես՝ յուրաքանչյուրի աչքերը սևեռվել էր Բեթղեհեմյան աստղին,  և հետևում էր արևելքից դեպի Ծննդյան մսուրը ընթացող մոգերի ամեն մի քայլին, ականջալուր լինում հովիվներին ուղղված հրեշտակի հորդորին, որոնց նա ասաց․ «Մի վախեցեք, որովհետև ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի»։ Այդ Մեծ ուրախությունը կրկնապատկվեց, երբ պատարագիչ Տեր հայրը՝ Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քհնյ․ Բոյաջյանը, իր քարոզի սկզբնավորության, սուրբ խորանից ողջունեց հավատացյալներին՝ «Քրիստոս Ծնաւ և Հայտնեցավ» ավետիսով, որին ներկաները պատասխանեցին՝ «Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» օրհներգությամբ։

Հավատացյալներին ուղղված իր քարոզում Տեր Հայրն ասաց.- «Ողջ աշխարհը լցված է Տիրոջ Սուրբ Ծննունդի ավետիսով, որով սկիզբ է առնում աստվածային սերն  ու ուրախությունը։ Տիրոջ ծնունդով երկրի վրա հաստատվում է խաղաղություն, թշնամի սրտերում կնքվում  է հաշտություն, մեկտեղվում են իրարից հեռացած ընտանիքներ։ Այս է սուրբծննդյան հրաշքը, որին կարոտ է, և որին փափագում է ողջ մարդկությունը»։

Տեր Հայրը շնորհավորեց նաև Հյուսիսային Ամերիկայի Թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ․ Տ․ Հովնան Արքեպս․ Տերտերյանին՝ աղոթելով սրբազան հոր՝ երկար տարիների արդյունաբեր ծառայության համար։

Տեր Վազգէն քհնյ. Բոյաջյանը շնորհավորանքի և շնորհակալական խոսքեր ուղղեց նաև Թեմական և Ծխական խորհրդի անդամներին, թեմի հոգևորականներին, խորանին սպասարկող սարկավագներին, «Նանոր» երգչախմբին, Սուրբ Հարություն Վարժարանի ուսուցչական կազմին, Տիկնանց և Երիտասարդաց հանձնախմբերին  և բոլոր հարակից մարմիններին՝ մաղթելով նրանց ապրել Հիսուս Քրիստոսի՝ սիրով լի ներկայությամբ և օրհնության ներքո։

Հունվար 6-ի առավոտյան մատուցվեց Սուրբ պատարագ, որի ավարտին, Ջրօրհնյաց արարողությունից առաջ, Տեր հայրը ուրախությամբ հայտարարեց, որ այս տարվա կնքահոր՝ Հովհաննես Մկրտչի պատասխանատվությունը սիրով հանձն է առել գաղութի սիրված և համայնքի եկեղեցու համար ոչ մեկ ջանք խնայող հարգարժան Հրաչ Ոսկանյանը, ով ընտանյոք հանդերձ, հավատարմությամբ ծառայել և ծառայում է Հայ Եկեղեցուն։ Ի նշան Եկեղեցու հանդեպ ունեցած անսահման սիրո և հավատարմության՝ պրն․ Հրաչ Ոսկանյանի բարերարության շնորհիվ Երևանի Եռաբլուրում, Արցախի նահատակ զինվորների շիրիմների կողքին, կառուցվեց Ս․ Վարդանանց Եկեղեցին։ Տեր հայրը,  շնորհավորելով եկեղեցու արժանավոր զավակ  պրն. Ոսկանյանին,  մաղթեց, որ այս կարևոր և աստվածահաճո հանձնառությունը նոր օրհնություններով լցնի նրա ընտանիքը։

Պատարագի ավարտին հավատացյալներին բաժանվեց օրհնված և մյուռոնված ջուր՝ Հորդանան գետը խորհրդանշող կաթսաներից, որից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն՝ կազմակերպված Տիկնանց Հանձնախմբի կողմից։