Աւարտուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը
Published - 19 May 2017

Մայիսի 17-18-ին Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդարանում Գերագոյն հոգեւոր խորհուրդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահութեամբ, շարունակեց իր աշխատանքը։ 

Ժողովի մնացեալ նիստերն ատենապետեց ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը:

Ժողովին Գերագոյն հոգեւոր խորհուրդը քննարկեց Ազգային-եկեղեցական ժողովի՝ 1945 թուականին գործադրութեան մէջ դրուած կանոնադրութեան լրամշակուած նախագիծը։ Այս առնչութեամբ զեկոյց ներկայացրեց Կանոնադրութիւնների մշակման յանձնախմբի անդամ իրաւաբանական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր Գեւորգ Դանիէլեանը։ Լուսաբանութիւններ տրուեցին նաեւ յանձնախմբի անդամ, Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանի կողմից։

Հանգամանալից քննութիւնից յետոյ Գերագոյն հոգեւոր խորհուրդն ընդունեց կատարուած աշխատանքը եւ թելադրեց Վեհափառ Հայրապետի օրհնութեամբ հաստատուած նախագիծը ներկայացնել յունիս ամսին գումարուելիք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին։

2017 թ. յունիս 6-9-ը Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում կայանալիք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկութիւններ հաղորդեց ժողովի կազմակերպիչ յանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը։ ԳՀԽ անդամները, գնահատանքով ընդունելով կատարուած աշխատանքը, նաեւ իրենց թելադրութիւնները կատարեցին ժողովի առնչութեամբ։

Ժողովին զեկոյցով հանդէս եկաւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ․ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչեանը՝ ներկայացնելով Պատրիարքութիւնում տիրող բարդ իրավիճակը։ Գերագոյն հոգեւոր խորհուրդը մտահոգութիւն յայտնեց Հայոց Պատրիարքութիւնում ստեղծուած կացութեան  առնչութեամբ, երբ պատրիարքական ընտրեալ տեղապահը հնարաւորութիւն չունի ձեռնամուխ լինելու իր պարտականութիւնների իրականացմանը։ Գերագոյն հոգեւոր խորհուրդը զօրակցութիւն յայտնեց Պատրիարքական տեղապահին՝ յորդոր ուղղելով, որպէսզի Պատրիարքութեան հոգեւոր դասի եւ ազգայինների հետ գործակցութեան խաղաղ մթնոլորտի մէջ ջանքեր ներդրուեն պետական պատկան կառոյցների հետ բարուոք լուծումներ գտնելու ստեղծուած կացութեանը։

Անդրադարձ կատարելով այս գործընթացում Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանի դրսեւորած կեցուածքին՝ Գերագոյն հոգեւոր խորհուրդն անհրաժեշտ համարեց յորդորել նրան, առաջնորդուելով Հայ Եկեղեցու կարգերով եւ կանոններով, զօրավիգ լինելու Պատրիարքական ընտրեալ տեղապահին եւ ձեռնարկելու անհրաժեշտ քայլերը՝ Պատրիարքութեան բնականոն կեանքի վերականգնման համար։

Գերագոյն հոգեւոր խորհուրդը քննութեան առաւ նաեւ 2018 թուականին Երիտասարդութեան տարուայ տօնախմբութիւնների հետ առնչուած ծրագրերը։ Դեռեւս 2016 թուականի ԳՀԽ նիւեօրքեան ժողովի ժամանակ որոշում էր կայացուել 2018 թուականը հռչակել իբրեւ Երիտասարդութեան տարի։

Այս կապակցութեամբ տարուող աշխատանքների մասին զեկոյց ներկայացրեց Տ. Հովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը։ Տեղեկացուեց, որ այդ տարում առանձին տարածաշրջաններում նախատեսւում են երիտասարդական հաւաքներ ու միջոցառումներ, յուլիս ամսին աշխարհասփիւռ թեմերի երիտասարդների մասնակցութեամբ կը կազմակերպուի նաեւ եռօրեայ մեծ ուխտագնացութիւն դէպի Հայաստան եւ Մայր Աթոռ Ս․ Էջմիածին։ Եռօրեայ հաւաքը կ՚աւարտուի Հայրապետական Ս․ Պատարագով։

ԳՀԽ եռօրեայ ժողովի աւարտին Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի մասին զեկոյց ներկայացրեց թեմակալ առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանը՝ երախտագիտութիւն յայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին՝ Գերագոյն հոգեւոր խորհրդի հերթական նիստը Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում անցկացնելու համար։

Եզրաս Սրբազանը, համառօտ պատմական ակնարկ կատարելով Ռուսաստանում հայոց թեմի հաստատման մասին, ներկայացրեց թեմի ներկայիս գործունէութիւնը։ Սրբազան Հօր առաջնորդութեան տարիներին թեմում գրանցուել է 83 ծուխ, գործող եկեղեցիների թիւը 7-ից հասցուել է 41-ի, հոգեւոր սպասաւորների թիւը 8-ից բարձրացուել է 34-ի։ Կառուցման ընթացքի մէջ է 15 եկեղեցի, որոնցից 9-ի օծումն ու հանդիսաւոր բացումը նախատեսւում է կատարել 2017 թուականին` թեմի հիմնադրման 300-ամեայ յոբելեանի շրջանակներում:

Սրբազան Հայրն անդրադարձաւ թեմի հոգեւոր-մշակութային կեանքին, որին մեծապէս նպաստեցին 2013 թ․ Մոսկուայի Ս․ Պայծառակերպութիւն առաջնորդանիստ նոր եկեղեցու օծումը եւ եկեղեցական համալիրի բացումը։ Հոգեւոր-քարոզչական գործունէութեան շրջագծում կազմակերպւում են ուխտագնացութիւններ դէպի Մոսկուայի առաջնորդանիստ տաճար եւ տարբեր համայնքներ, առաջնորդարանում կազմակերպւում են հոգեւոր զրոյցներ:

Թեմի գիտական-մշակութային կեանքին նպաստում է հայագիտութեան նորաստեղծ կենտրոնը, որը պարբերաբար կազմակերպում է գիտաժողովներ, գրքերի շնորհանդէսներ, բանախօսութիւններ: Հիմնուել են ,Տապանե թանգարանը եւ նորագոյն սարքաւորումներով յագեցած գրադարանը։ Հայաշատ քաղաքներում հրատարակւում է 4 երկլեզու ամսաթերթ,  լոյս են ընծայուել երկու տասնեակից աւելի գրքեր։

Մեծ ուշադրութիւն դարձնելով կրթութեան եւ հայեցի դաստիարակութեան գործին՝ գործում է Սանկտ Պետերբուրգի թիւ 259 միջնակարգ դպրոցը, աւելի քան 3000 երեխայ յաճախում է 18 հայորդեաց տուն, որոնց մէջ գործում են զանազան խմբակներ։ 2006 թ․ հիմնուած Մոսկուայի Հայորդեաց տանը անցնող 10 տարիների ընթացքում կրթուել է 8000 հայորդի։ Առաջիկայում Մոսկուայի եկեղեցական համալիրի տարածքում կը բացուի ,Սուրբ Գրիգոր Նարեկացիե գիմնազիան, կը կառուցուի նաեւ մանկապարտէզ-կրթարան։ Սրբազանը տեղեկացրեց, որ բոլոր ծխերում գործում են երիտասարդաց միութիւններ, հանդիպումներ են կազմակերպւում Մոսկուայի ԲՈՒՀ-երում սովորող հայ ուսանողների հետ։

Նշուեց, որ թեմը մասնակցում է Հայ Եկեղեցու բարեգործական ծրագրերին թէ՛ հայրենիքում եւ թէ՛ նրա սահմաններից դուրս, մեծ աջակցութիւն է ցուցաբերում Արցախին։ Առաջնորդանիստ համալիրում գործում են սոցիալական օգնութեան  եւ իրաւաբանական անվճար խորհրդատուութեան բաժինները։ Վերջինիս ծառայութիւններից օգտւում են ոչ միայն հայորդիները, այլեւ օտարազգիներ։ Հիմնուել է նաեւ բժշկական երկու հաստատութիւն․ ատամնաբուժարան Սանկտ Պետերբուրգում եւ բժշկական կենտրոն Մոսկուայում, որտեղ եւս անվճար ծառայութիւններ են մատուցւում կարիքաւորներին:

Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամները գոհունակութեամբ ընդունեցին ներկայացուած զեկոյցը՝ իրենց գնահատանքը յայտնելով թեմի կողմից իրականացուող բազմաբնոյթ ազգաշահ եւ եկեղեցանպաստ ծրագրերի կապակցութեամբ։ Ժողովականները Աստծոյ զօրակցութիւնը հայցեցին առաջնորդ Սրբազան Հօրը եւ հոգեւոր դասին իրենց նուիրեալ եւ օգտաշատ ծառայութեան մէջ։

Ժողովն ամփոփուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեան ու գնահատանքի խօսքով։ 

Print