Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց զոհուած զինծառայողների մայրերի եւ այրիների հետ
Published - 19 April 2017

Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցաւ ղարաբաղեան հակամարտութեան ընթացքում` պատերազմական գործողութիւնների եւ զինադադարի պայմաններում, զոհուած զինծառայողների մայրերի եւ այրիների հետ:

   Սկզբում ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանը ներկայացրեց հանդիպմանը մասնակից հայուհիներին, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնը բերեց ներկաներին` ողջունելով նրանց այցը Ս. Էջմիածին:

Ամենայն Հայոց Հայրապետն իր սրտակցութիւնը յայտնեց զինուորների մայրերին եւ այրիներին` նրանց ցանկանալով Սուրբ Հոգու մխիթարութիւն: Նորին Սրբութիւնն ասաց, որ իւրաքանչիւր հայ ցաւ է ապրում այդ կորուստների համար, բայց նաեւ գիտակցում է, որ հայ հերոս զինուորներն իրենց կեանքն ընծայաբերել են Հայրենիքի, ժողովրդի եւ իրենց ընտանիքների խաղաղ ու ապահով կեանքի համար:

«Մեր Սուրբ Եկեղեցին մշտապէս աղօթում է Հայրենիքի համար իրենց կեանքը զոհաբերած իր զաւակների համար: Հայրենիքի համար կեանքի նուիրաբերումը ամենանուիրական զոհաբերութիւն է նկատում մեր Եկեղեցին: Այդպէս է ապրել եւ դարերի մէջ գոյատեւել մեր ժողովուրդը: Վստահ եղէք, նրանց յիշատակը միշտ ապրելու է մեր ժողովրդի սրտում, եւ ժողովուրդը միշտ իր խոնարհումն է բերելու իր քաջազուն զաւակների անմահ յիշատակի առջեւ», - նշեց Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբութիւնը յաւելեց, որ Հայրենիքի պաշտպանութեան սրբազան գործում հայ զինուորների դրսեւորած բարձր գիտակցութիւնն ու հայրենասիրական ոգին միայն հպարտութեան զգացում է ծնում:

Վերջում Նորին Սրբութիւնը, աղօթք բարձրացնելով հայրենեաց զոհուած պաշտպանների հոգիների հանգստութեան համար, օրհնեց նրանց մայրերին եւ այրիներին` ցանկանալով ուժ, կամք եւ ոգու ամրութիւն:

Print