St. Leon Church "Sound of Children" Summer Camp
Click Here to lean more

NEXT EVENT
17 October 2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժէքներ եւ մարտահրաւէրներ» միջազգային համաժողովի մասնակիցներին
Published - 10 October 2019

Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժէքներ եւ մարտահրաւէրներ»  խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներին:

Համաժողովի կազմակերպիչ յանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը Նորին Սրբութեանը տեղեկացրեց համաժողովի ընթացքի եւ արդիւնքների մասին` կարեւորելով նման համաժողովների առաքելութիւնը մարտահրաւէրների յաղթահարման ուղիների որոնման գործում:

Այնուհետեւ հիւրերին իր օրհնութիւնը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն ուրախութիւն յայտնեց Մայր Աթոռում գումարուած միջազգային համաժողովին Քոյր Եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցութեան կապակցութեամբ, նաեւ իր գնահատանքը փոխանցեց հ Հայաստանից և տարբեր երկրներից ժամանած զեկուցողներին Մայր Աթոռի հրաւէրն ընդունելու եւ իրենց փորձառութեամբ կիսուելու համար: 

Հանդիպմանը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ ազատութիւնն ու իրաւունքը քրիստոնէական հաւատքի մէջ  կարեւորագոյն ու հիմնարար արժէքներ են, սակայն փաստեց նաև, որ 21-րդ դարում արժէքային համակարգի վերաբերեալ ձեւաւորուող ազատական գաղափարախօսութիւններն ու նոր մտայնութիւնները խեղաթիւրում են հասարակութեան  աւանդական արժէքները եւ թիրախաւորում քրիստոնէական արժեհամակարգը: Խորը մտահոգութիւն յայտնելով այդ երեւոյթի առնչութեամբ` Հայոց Հայրապետը կարեւորեց Եկեղեցիների եւ քրիստոնեաների  ջանքերի եւ հնարաւորութիւնների համատեղումը կործանարար ազդեցութիւններից հասարակութիւնը եւ մասնաւորապէս ընտանիքները զերծ պահելու գործում:  Նորին Սրբութիւնը յոյս յայտնեց, որ նման  համաժողովները կը նպաստեն հոգեւոր, բարոյական արժեհամակարգի  ամուր պահպանմանը:

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց նաեւ միջազգային համաժողովի կազմակերպիչներին ի դէմս Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանի:

Վերջում Հայոց Հայրապետը պատասխանեց հիւրերի հարցերին, որոնք վերաբերում էին ժամանակակից մարտահրաւէրների յաղթահարման միջոցներին, քրիստոնէական հոգեւոր եւ բարոյական արժէքներն այլափոխումներից զերծ պահելու ուղիներին, ինչպէս նաեւ Հայոց Եկեղեցու կողմից հայ ընտանիքի ամրապնդմանն ու զօրացմանն ուղղուած ձեռնարկներին:

Print