St. Leon Church "Sound of Children" Summer Camp
Click Here to lean more

NEXT EVENT
21 July 2019
«Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ» կոչին ունկնդիր
Published - 12 July 2019

Յունիսի 23-ին Կաթողիկէ Սուրբ Էջմիածնի տօնին հրապարակուեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակը Մայր Տաճարի հիմնանորոգութեանն ու բարեզարդ պահպանութեանն ի նպաստ մեկնարկող համազգային հանգանակութեան առիթով: 

Մայր Տաճարի նորոգութեան համար նուիրաբերուող օգնութիւնները համակարգելու նպատակով օրհնութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գերագոյն հոգեւոր խորհրդի կողմից հաստատուել է աշխատանքային խումբ` ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի գլխաւորութեամբ: Ստեղծուել են նաեւ ազգային բարերարներից եւ թեմերի ներկայացուցիչներից կազմուած հոգաբարձուների պատուոյ յանձնախումբ եւ գործադիր մարմին:

Յուլիսի 3-ին եւ 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը, որը նախագահեց Նորին Սրբութիւն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Վեհափառ Հայրապետն իր օրհնութիւնն ու գնահատանքը բերեց աշխատանքային խմբի անդամներին` կարեւորելով խմբի ստանձնած առաքելութիւնն ի պայծառութիւն Մայր Տաճարի: Իր խօսքում Նորին Սրբութիւնն անդրադարձաւ Մայր Տաճարի խորհրդին հայոց կեանքում` ընդգծելով, որ յաճախ Մայր Տաճարով է պայմանաւորուել հայրենիքի գոյութիւնը եւ ազգի յարատեւումը: «Փառք ենք տալիս Աստծուն, որ ունենք Սուրբ Էջմիածինը որպէս Աստծոյ մշտական ներկայութիւն մեր ժողովրդի կեանքում, որն առաջնորդում է մեզ դէպի փրկութիւն, դէպի յաւէրժութիւն», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մաղթելով, որ մեր ժողովրդի զաւակներն ամէնուր ապրեն Սուրբ Էջմիածնի օրհնութեան ներքոյ եւ փարուած մնան Սուրբ Էջմիածնի խորհրդին: Ըստ Հայոց Հայրապետի, համազգային հանգանակութիւնը իւրաքանչիւր հայորդու համար նախ եւ առաջ առիթ է հոգեւոր վերարթնութեան:

Հանդիպման ընթացքում լսուեցին Տաճարի ամրակայման եւ հիմնանորոգութեան աշխատանքների ընթացքի, ինչպէս նաեւ տեղեկատուական-ծանուցողական նիւթերի նախապատրաստման ու հրապարակման վերաբերեալ զեկոյցներ:

Քննարկուեցին թեմերում հանգանակութեան կազմակերպման հետ առնչուած հարցեր: Տեղեկացուեց, որ թեմերում այդ նպատակով սկսուել է տեղական յանձնախմբերի ձեւաւորումը, իսկ առաջիկային աշխատանքային խմբի պատասխանատու Հովնան արքեպիսկոպոսը հանգանակութեան աշխատանքների համակարգման նպատակով այցելութիւններ կը կատարի Կանադայի, ԱՄՆ Հայոց Արեւելեան, Բրազիլիայի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Մեծ Բրիտանիայի ու Դամասկոսի հայոց թեմեր եւ Կենտրոնական Եւրոպայի Հայրապետական Պատուիրակութիւն (Վիեննա):

Որոշուեց Ս. Աստուածածնի վերափոխման տօնին` Մայր Տաճարի նաւակատիքի օրը, ձեռնամուխ լինել հանգանակութեան գործնական ընթացքին: Առաջիկային կը հրապարակուեն նաեւ Մայր Տաճարի համար նուիրաբերուելիք գումարների փոխանցման համար անհրաժեշտ տուեալները:

Print