Աւագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Published - 18 April 2019

Ապրիլի 18-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին յիշատակեց մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը եւ Ս. Հաղորդութեան խորհրդի հաստատումը:

Աւագ հինգշաբթի վաղ առաւօտեան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Յովհաննէս Մկրտիչ - Ս. Վարդան մատուռ-մկրտարանում կատարուեց Ապաշխարողաց կարգը:

Այնուհետեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդութեամբ Մայր Աթոռի միաբանութիւնը Ս. Գայանէ վանքում մասնակցեց Միջօրէի ժամերգութիւնը եւ Սուրբ Պատարագի արարողութեանը: Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղայ Ծատուրեանը, ով Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցեց նաեւ Սուրբ Բարսեղ Կեսարացու «Սուրբ Հաղորդութեան մասին» ճառը:

Նոյն օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութեամբ, Ս. Գայանէ վանքում կատարուեց Ոտնլուայի արարողութիւնը:

Մայր Աթոռի միաբանների կողմից կարդացուեցին օրուայ սուրբգրային ընթերցուածքներն ու ԺԳ դարի նշանաւոր վարդապետ Յովհաննէս Պլուզ Երզնկացու «Սիրոյ մասին» խրատը:

Այնուհետեւ Վեհափառ Հայրապետի ձեռամբ օրհնուեցին խորանի վրայ դրուած ջուրն ու իւղը, որից յետոյ Նորին Սրբութիւնը ծնրադիր լուաց եւ իւղով օծեց տասներկու անձանց ոտքերը:

Նրանց թւում էին Մայր Աթոռի միաբաններից Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը, Հոգեշնորհ Տ. Արիս աբեղայ Տօնոյեանը, Բարեշնորհ Հրաչ սարկաւագ Սուլթանեանը, Գեւորգեան հոգեւոր ճեմարանի Է լսարանի սան Բարեշնորհ Մեսրոպ սարկաւագ Յովհաննիսեանը եւ Երեւանի պետական համալսարանի Աստուածաբանութեան ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արման Միլիտօնեանը, «Իզմիրլեան» բժշկական կենտրոնից օրթոպեդ-վնասուածքաբան Ստեփան Մաթոսեանը,  զինծառայող շարքայիններ Արթուր Համբարձումեանը եւ Սեւակ Առուոյեանը, Մայր Աթոռի «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Նարեկ Եազեանն ու Յովհաննէս Պաբլոյեանը, Մարսելի համազգային դպրոցի սան Մունգալ Մատթէոսը եւ Փարիզի դպրոցասէր միութեան վարժարանի աշակերտ Սարգիս Քեշիշեանը:

Արարողութեան աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղօթքով օրհնեց ներկայ բարեպաշտ ժողովրդին, որից յետոյ օրհնուած իւղը բաժանուեց հաւատացեալներին:

Ոտնլուային ներկայ էին տարբեր երկրներից Հայաստան ժամանած Մայր Աթոռի բարերար հայորդիներ եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Բուենոս Այրեսի (Արգենտինա) մասնաճիւղի տիկնանց յանձնախմբի անդամները:

Print