St. Leon Church "Sound of Children" Summer Camp
Click Here to lean more

NEXT EVENT
16 June 2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին
Published - 20 March 2019

Մարտի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Գյումրի:

Յոթվերք Ս. Աստվածածին առաջնորդարանիստ եկեղեցու առջև Նորին Սրբությանը դիմավորեցին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Զանգերի ղողանջների ներքո Վեհափառ Հայրապետը շքախմբով, եկեղեցու սպասավորների և հավատացելոց ուղեկցությամբ, մուտք գործեց եկեղեցի, ուր կատարվեց աղոթք, որից հետո Նորին Սրբությունն օրհնեց ներկա ժողովրդին:

Այնուհետև Շիրակի թեմի առաջնորդարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Նորին Սրբությունը հետաքրքրվեց Գյումրիում և Շիրակի մարզում իրականացվող զարգացման տարբեր ծրագրերով, առկա հիմնախնդիրներով և մարզի բնակչության դիմագրաված մարտահրավերներով: Հանդիպման ընթացքում խոսվեց նաև ի խնդիր ժողովրդի բարօր կյանքի` քաղաքային ու մարզային իշխանությունների և թեմի միջև առկա համագործակցության, ինչպես նաև փոխգործակցության հետագա ծրագրերի մասին:

Վեհափառ Հայրապետն այցելեց նաև «Թռչունյան տուն» դպրոց և երեխաների աջակցության կենտրոն, ծանոթացավ հաստատությունում խնամվող երեխաների հետ:

Նորին Սրբությունը եղավ նաև Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Գյումրու Հայորդյաց տանը, որտեղ տնօրեն Աստղիկ Եդիգարյանի ուղեկցությամբ հանդիպեց տարբեր խմբակներում ուսանող պատանիների և մանուկների հետ` նրանց բաշխելով իր հայրական օրհնությունն ու գնահատանքը:

1988 թ. երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով, երկրաշարժի հետևանքով տուժած և առ այսօր տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով Մայր Աթոռի նախաձեռնած սոցիալական նոր ծրագրի շրջանակներում, Մայր Աթոռ Ս. Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով դեկտեմբեր և հունվար ամիսներին տասը ընտանիքների ընծայեց բնակարաններ` յոթը` Գյումրի քաղաքում, երեքը` Սպիտակում:

Ծրագրին իրենց աջակցությունն են բերել ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերը, Գերմանիայի և Եգիպտոսի հայոց թեմերը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը, Հարավային Ռուսաստանի հայոց թեմը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմը և  Հնդկաստանի հայոց հոգևոր հովվությունը:

Գյումրի այցելության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը անակնկալ այցելեց բնակարան ստացած ընտանիքներից Մանուկյան ընտանիքին: Շնորհավորելով Մանուկյաններին բնակարանամուտի առիթով` Գարեգին Բ Կաթողիկոսն իր օրհնություններն ու բարեմաղթանքները բերեց ընտանիքի անդամներին և նրանց հանձնեց բնակարանի վկայականը:

Ընտանիքի կրտսեր անդամներին ընծայելով Մանուկների Աստվածաշունչ և այլ նվերներ` Վեհափառ Հայրապետն ընտանիքին նվիրեց մանրանկար-սրբապատկեր, ապա եկեղեցականաց հետ աղոթք բարձրացրեց առ Աստված Մանուկյան ընտանիքի բարօր և խաղաղ կյանքի համար:

Օրվա ավարտին թեմակալ առաջնորդի և եկեղեցականների ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրիի Ս. Հակոբ եկեղեցի: Գոհաբանական աղոթքից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց ներկա բարեպաշտ հայորդիներին:

Print