St. Leon Church "Sound of Children" Summer Camp
Click Here to lean more

NEXT EVENT
22 September 2019
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Published - 12 March 2019

«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի եւ մյուսին կարհամարհի. չեք կարող ծառայել Աստծուն և՝ մամոնային»: Մատթ․ 6։24

Սույն թվականի Փետրվարի 17-ին տեղի ունեցավ Հոլիվուդի Ս․ Հովհաննու Կարապետ եկեղեցու Տարեկան Անդամական Ժողովը։ Որպես եկեղեցու գերագույն և լիազոր մարմին Անդամական Ժողովն անդրադարձավ եկեղեցու շինարարության, ինչպես նաև կից սրահի (Տաղլյան) հետ կապված դատական գործընթացներին։

Մասնավորաբար, պաշտոնապես հայտարարվեց շատ մոտ ապագայում եկեղեցու շինարարական աշխատանքների վերսկսման մասին։

Ի պատասխան հետաքրքրասեր հասարակության՝ Անդամական Ժողովը կատարեց հետևյալ հաստատումները․

Ա) Հյուրասիրություններ իրականացնող ընկերությունը, որին թույլ էր տրվել օգտագործել սրահը, չի՛ և երբեք չի՛ եղել դրա սեփականատերը։ Հետևաբար, վերոնշյալ ընկերությունը չունի սեփականության որևէ իրավունք խնդրո առարկա շենքի նկատմամբ։

Բ) Այսուհանդերձ, նեղ անձնական և առևտրական շահերից մղված, դատական հայց է ներկայացվել ընդդեմ եկեղեցու՝ հաստատության անկողոպտելի իրավունքների դեմ ոտնձգության փորձ կատարելով։ Սրան ի պատասխան, հակընդեմ հայցով եկեղեցին դիմել է դատարան՝ տարածքն ազատելու պահանջով։

Գ) Անդամական Ժողովը և ներգրավված փաստաբանական խորհուրդը համաձայն չեն դատարանի վերջին որոշման հետ և պիտի շարունակեն հետամուտ լինել եկեղեցու արդար իրավունքներին օրինական բոլոր միջոցներով։

Դ) Անդամական ժողովը խստիվ դատապարտեց ապատեղեկատվական վայրի արշավը սանձազերծված մի քանի վարձկան «լրագրողների» և «լրատվամիջոցների» կողմից։

Ե) Անդամական Ժողովն իր ամբողջական զորակցությունն հայտնեց Ծխական Խորհրդին և Հոգևոր Հովվին։

Զ) Ի պատասխան շրջանառվող ոչ փաստական տեղեկություների եւ բացահայտ երևակայական ստերի, խոստացվեց հեռուստատեսությամբ և հանրային այլ լրատվամիջոցներով ծավալուն և մանրամասն անդրադարձ կատարել եկեղեցու շինարարության և սրահի շուրջ ծավալված խնդիրներին՝ դատական գործընթացներից հետո, կոնկրետ փաստերով և քննության արդյունքում ձեռք բերված ապացույցներով։

Վերջում, Անդամական Ժողովն հորդորեց ժողովրդին չտրվել ապատեղեկատվական մեքենայի տարածած ստահոդ լուրերին, տուրք չտալ կենցաղային մակարդակի բամբասանքներին և ստոր զրպարտություններին։

Ս․ Հովհաննու Կարապետ Եկեղեցին մշտապես հաշվետու է եղել իր անդամներին և շարունակում է իր առաքելությունը նույն թափանցիկ ոճով՝ Թեմական Կանոնադրության և երկրի օրենքներին համահունչ։ Մենք մշտապէս բաց ենք եղել և շարունակում ենք բաց մնալ մեր համայնքի առաջ։ Եթե որևէ մեկը՝ անհատ կամ կազմակերպություն, կփափագի ճշտումներ կատարել կամ ստույգ տեղեկություններ ստանալ խնդրի մասին, առանց հապաղելու կարող է դիմել Ս․ Հովհաննու Կարապետ Եկեղեցու Ծխական Խորհրդին։

Եկեղեցին, ինչպես որ միշտ եղել է իր հոգևոր վեհ բարձունքին, այդպես էլ պիտի շարունակի իր սրբազան առաքելությունը՝ տուրք չտալով մանրախնդիր եւ մոլորյալ որոշ անհատների դավերին։ Պողոս առաքյալն ասում է․ «Չարի փոխարեն չար մի՛ հատուցէք. խորհեցե՛ք բարին՝ բոլոր մարդկանց առաջ»։ Հռոմեացիներ 12։17

****************

ԴԻՎԱՆ ԱՆԴԱՄԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ

Մարտի 11, 2019

Հոլիվուդ, Կալիֆորնիա

Print