ՀԱՄԱՌՕՏ ՏԵՂԵԿԱԳԻՐ ԱՄՆ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻ ՀՈՎԱՆԱՒՈՐԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ - ՄԵՐ ՅՈՅՍԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
Published - 18 January 2019

«Մեր յոյսը» բարեգործական կազմակերպութիւնը իրականացնում է դժուարին կացութեան մէջ յայտնուած դեռատի աղջիկների  խնամքը, կրթութիւնն ու դաստիարակութիւնը։ Խօսքն այս դէպքում այն աղջիկների մասին է, որոնք, ըստ Հայաստանի օրէնքների, 18 տարեկանը լրանալուց յետոյ մանկատնից դուրս գալուց եւ կեանքի յորձանուտը մտնելուց յետոյ փաստօրէն անպաշտպան՝ անտուն եւ անգործ են մնում։ Նախատեսուած է 50 նման շահառուների մասնակցութիւն ծրագրին։ Ծրագրի մէջ են ներառուած նաեւ աղքատ եւ անապահով ընտանիքների զաւակներ, նրանց «Մեր յոյսը» կազմակերպութիւնն օգնում է մասնագիտութիւն ձեռք բերելու, արուեստի որեւէ ճիւղի մէջ հմտանալու համար։

«Մեր յոյսը» հիմնադրուել է 2008 թուականին Կալիֆոռնիոյ մէջ, Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի հովանու ներքոյ, Տիկին Ատրիէն Գրիգորեանի ջանքերով։ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինութեամբ երեխաների աջակցութեան «Նագգաշեան» կենտրոնը, որ գտնւում է Երեւանի Արաբկիր շրջանում, 2012 թուականից առանց որեւէ վարձի տրամադրուել է «Մեր յոյսը» կազմակերպութեանը՝ իր ծրագրերը իրագործելու համար։

«Նագգաշեան մանուկների տան» ղեկավար Միհրան Միրիջանեանը յայտնում է, որ «սաները  ստանում են  հոգեբանի, սոցիալական աշխատողի, սոցիալական մանկավարժի  և բժշկի մշտական ծառայութիւններ: Ըստ անհրաժեշտութեան և իրավիճակի՝ ստանում են նաև հրաւիրեալ այլ մասնագէտների կողմից անհրաժեշտ ծառայութիւններ: Իրականացւում են անհատական և խմբային աշխատանքներ՝ միտուած անձի ինքնապաշտպանութեանը, առաջին բուժօգնութեանը, համակարգչային անվտանգութեանը, մասնագիտական կողմնորոշմանը»:

Դեռեւս 2012 թ. հայրենի մամուլն անդրադարձաւ այդ ծրագրին՝ գրելով. «Երևանի Արաբկիր համայնքի Ահարոնյան 2/2 հասցեում տեղի ունեցաւ «Նագգաշեան մանուկների տան» բացման արարողութիւնը։ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքոյ գործող երեխաների աջակցութեան կենտրոնը ծառայելու է ծնողներ ունեցող կամ ծնողազուրկ անապահով երեխաներին ի շահ: «Նագգաշեան մանուկների տուն»-ը գործում է Հայ Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևմտեան թեմի, հայկական բարեգործական «Մեր Յոյս» կազմակերպութեան (ԱՄՆ) և անհատ բարերարների աջակցութեամբ» (lragir. am 29.06.2012)։

Արեւմտեան թեմը Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի առաջնորդութեամբ 2018 թուականին շարունակեց իր կայուն աջակցութիւնը «Մեր յոյսը» ծրագրին՝ յատկացնելով նրա գործունէութիւնն ապահովելու համար անհրաժեշտ միջոցներ։

Ապագայում նախատեսւում է նաեւ ծրագրի շրջանակներում ապաստան տրամադրել մուրացիկ երեխաներին, ովքեր, օթեւան ունենալուց բացի, կը ստանան հոգեբանական աջակցութիւն: Հեռահար նպատակներից է նաեւ կենսաբանական ընտանիք չունեցող սաներին ժամանակաւոր ապաստանով  ապահովումը կամ բնակարանների ձեռքբերումը:

Print