St. Leon Church "Sound of Children" Summer Camp
Click Here to lean more

NEXT EVENT
16 June 2019
ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ
Published - 11 January 2019

Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի Առաջնորդ Յովնան Արք. Տէրտէրեանի նախաձեռնութեամբ եւ հոգածութեամբ 2018 թուականին սահմանուել եւ մեկնարկել են հայագիտական ուղղուածութեան ծրագրեր։ Դրանք նախ եւ առաջ պայմանաւորուած են Առաջնորդարանի վաւերագիր, ձեռագիր նիւթերը քննելու եւ հրապարակելու եւ այլ առաջնահեր-թութիւնների հետ։ Հայագիտական ծրագրերը կարելի է խմբաւորել մի քանի հիմնական ուղղութիւններում, որոնց մէջ յատկապէս կարեւոր կէտերը ներկայացնում ենք ստորեւ։

-1-

ՑՈՒՑԱԿ ՁԵՌԱԳՐԱՑ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

Առաջնորդարանում պահպանւում են հայերէն միջնադարեան ձեռագրեր՝ թուագրուած 14-17-րդ դարերով, որոնք մեծ արժէք են ներկայացնում հայ ձեռագրագիտութեան եւ առհասարակ մշակոյթի համար, որոնք դեռեւս գիտականօրէն նկարագրուած եւ հանրութեանը լայնօրէն ներկայացուած չեն։ Ձեռագրացուցակի նկարագրութիւնը կատարւում է գիտութեաեն ներկայ պահանջներին համապատասխան. ներկայացւում են տուեալ ձեռագրի բովանդակութիւնը, մանրանկարչական, գրչագրական մանրամասները, ստեղծման հանգամանքները՝ գրիչներ, կազմողներ, պատուիրատուներ եւ այլն։ Ձեռագրերի մէջ կան նաեւ շքեղ մանրանկարչութիւն ունեցողներ (օրինակ՝ 1647 թ. Աւետարանը, գրիչ եւ ծաղկող՝ Պօղոս), որ նաեւ մշակութային մեծ արժէք են ներկայացնում՝ արժանի հրապարակման ու հանրայնացման ի շահ հայ ձեռա-գրական մշակոյթի։ Ձեռագրացուցակը այդ սկզբունքով կը լրացնի հայ ձեռագրացուցակների շարքը, ինչպէս որ տարբեր ժամանակներնում կազմուել եւ հրատարակուել են տարբեր Մատենադարանների ձեռագրացուցակները։

Երկաթագիր մագաղաթեայ պահպանակ, ձեռագիր Առաջնորդարանի։

Առաջնորդարանի ձեռագիրների գիտական ցուցակի կազմումը եւ հրապարակումը կարող է խթան լինել Միացեալ Նահանգների Արեւմտեան ափում հանգրուանած այլ ձեռագրեր յայտնաբերելու,  եւ գիտական շրջանակի մէջ դնելու համար, որոնք, անհաւանական չէ, մինչ օրս անյայտ են մնացել գիտական շրջանակներին ու լայն հանրութեանը։

Ցուցակի կազմումը ընդլայնուելու միտում ունի, իր մէջ ներառելով Առաջնորդարանի հնատիպ գրքերի գիտական նկարագրութիւնը, որոնց ամբողջական ցանկը կազմուած է Հայկ Մադոյեանի կողմից։

-2-

ԳԱՒԱԶԱՆԱԳԻՐՔ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻ

Գաւազանագիրքը առաջնորդների յաջորդութեան ժամանակագութիւնն է, որի միջոցով ներկայացւում է կաթողիկոսութեան կամ տուեալ թեմի պատմութիւնը։ Հայագիտութեանը յայտնի են մի քանի գաւազանագրքեր դեռեւս վաղ միջնադարից։

Միացեալ Նահանգներում ՀԱԵ Առջնորդութիւն հիմնադրելու պաշտօնական տարեթիւն է 1898, երբ Խրիմեան Հայրիկ Կաթողիկոսի յատուկ կոնդակով «Ամերիկահայոց այցելու հովուութիւնը կը վերածուէր Առաջնորդութեան», ապա եւ 1927 թ. զատուեցին Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Եւ Արեւելեան զոյգ թեմերը, եւ այդ ժամանակից ի վեր թեմն անցել է տասնամեակների պատմութեան հարուստ ընթացք՝ Առաջնորդ եւ տեղապահ ունենալով նուիրական հոգեւորականներ, որոնց գործունէութիւնն ընկած է թեմի հոգեւոր, ազգային կենսագործունէութեան հիմքում թեմում եւ նրա սահմաններից դուրս։ Ըստ այդմ՝ թեմի առաջնորդների պատմութիւնը ներկայացնել՝ նշանակում է ներկայացնել թեմի ու լայն իմաստով հայ համայնքի գործունէութեան ժամանակագրութինը։

Գաւազանագիրքն ըստ առանձին բաժինների ներկայացնում է Արեւմտեան թեմի Առաջ-նորդների ա) կենսագրական ժամանակագրութիւնը, բ) առաջնորդ նշանակուելու կաթողի-կոսական կոնդակները, գ) առաջնորդական անդրանիկ ելոյթները կամ հրապարակումները, դ) առաջնորդների գրական երկերի մատենագիտութիւնը։ Բազմաթիւ նիւթեր ներկայացւում եւ հրապարակւում են առաջին անգամ։

-3-

ՎԱՒԵՐԱԳՐԵՐ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻ

Առաջնորդարանում պահպանուող վաւերագրերի քննութիւն, ամբողջական ցանկի կազմում եւ դրանց հիման վրայ հրապարակումների պատրաստում։ Վաւերագրերը վերա-բերում են թէ՛ Արեւմտեան թեմի պատմութեանը, թէ՛ Հայաստանին, մի մասը Միացեալ Նահանգներ են հասել Եղեռնից մազապուրծ հայորդիների կողմից, տասնամեակներ խնամքով պահպանուել, ապա ի պահ են տրուել Առաջնորդարանի խնամքին, որպէս առաւել վստահելի պահոց։

Ծրագիրը նպատակ ունի յետագային ի յայտ բերելու եւ մէկտեղելու նոր վաւերագրեր, որոնք պահպանւում են մասնաւոր անձանց մօտ։ Նման կերպ կարող են գտնւուել հայ համայնքի, հայոց Եղեռնի, Հայաստանի հետ կապուած փաստական նիւթեր, որ յաւելեալ աղբիւր կը դառնան մեր ամբողջական պատմութեան համար։

-4-

ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ

Միացեալ Նահանգների Արեւմտեան թեմն այսօր հայերէն գրականութեան հրա-տարակման առաջատարներից է։ Վերջին 15 տարիներին՝ 2003 թուականից ի վեր տպագրուել են հարիւրաւոր գրքեր բազմահազար տպաքանակով, որոնց շարքին են քրիստոնէական, մանկական ուսուցման, մեկնողական, ծիսական բազմաբնույթ գրքեր, Ս. Գիրք ու Աւետա-րաններ։ Շարունակական հրատարակութիւնները առաջ են բերում մատենագիտական առումով դասակարգելու, գրախոսելու, արժեւորելու անհրաժեշտութիւն։

Մատենագիտական աշխատանքների այս շարքում պէտք է դիտարկել նաեւ թեմի Առաջնորդ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի գրական ժառանգութեան արժեւորումն ու մատուցումը, ստեղծագործող մի հոգեւորականի, որ անցնող տարիներին հեղինակել ու տպագրել է տասնեակ հատորներ, այդ թւում՝ «Փունջ մը քարոզներ» շարքը, «Մանրապա-տումներ եւ խոհեր», Աղօթագրքեր եւ այլն։

Հոգեւոր գրականութեան հայերէն հրապարակումն ու տարածումը յատկապէս կարեւոր է ամերիկեան միջավայրում՝ հայ ընթերցողներին մշտապէս հայալեզու գրականութիւն մատու-ցելու առումով։

-5-

ՈՍԿԵՂԵՆԻԿ

Ծրագիրը նախատեսուած է որպէս հրատարակութիւնների շարք, որ ներառում է եկեղեցու Սուրբ Հայրերի գրուածքների թարգմանութիւնը գրաբարից աշխարհաբար, հասցէագրուած է պարզ հաւատացեալներին եւ նպատակ ունի լրացնելու հոգեւոր պահանջմունքները։ Արդեն պատրաստ է եւ տպագրութեան է յանձնուած Յովհան Ոսկեբերանի քարոզների ժողովածուն «Դարձի՛ր դէպի Փրկիչը» վերնագրով։ Անդրանիկ այս ժողովածուն պարունակում է ողոր-մութեան, աղքատսիրութեան, ապաշխարութեան եւ այլնի մասին քարոզներ, որոնք այսօր էլ չեն կորցրել արդիականութիւնը։ Առաջիկայում նախատեսուած թարգմանութիւններից են՝

Բարսեղ Կեսարացի - Առաքինութիւնների մասին,

Յակոբ Պատրիարք Նալեան - Առաքինի կեանքի ուղին,

Կարապետ Արք. Պալատեցի - Քարոզներ Մեծի Պահոց։

Վերջինը մասնաւորապէս 19-րդ դարի Կ. Պոլսի անուանի պատրիարք Կարապետ Արք. Պալատեցու ստեղծագործութիւնն է, ձեռագրերից մէկը պահպանւում է Արեւմտեան թեմի Առաջնորդարանում, եւ իրենից ներկայացնում է Հայց. Եկեղեցու տօնացոյցի համապատաս-խան քարոզներ, եւ դրա մի կարեւոր բաժինն է «Մեծի պահոց» բարոյախրատական, հոգեւոր քարոզները։

Ներկայացուած գրքերից իւրաքանչիւրն ունի քրիստոնէական բարոյական, խրատական պարզ բովանդակութիւն եւ օգտակար կը լինի ընթերցողների համար։

Թեմի Առաջնորդ Սրբազան Հօր համաձայնութեամբ թարգմանական այս ծրագիրը յետագայում միտում ունի ընդլայնելու շրջանակը՝ Հայաստանի լաւագոյն մասնագէտներին մասնակից դարձնելով։ Այդպիսով Արեւմտեան թեմը հայ հաւատացեալ ընթերցողին կը մատուցի եկեղեցու սրբազան հայրերի գրուածքները, որոնք աշխարհաբարով են մատուցւում առաջին անգամ։

Նորայր Պօղոսեան

Բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոցենտ

Print