Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշուեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալութեան 19-րդ տարեդարձը
Published - 7 November 2018

Նոյեմբերի 4-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման ու գահակալութեան 19-րդ տարեդարձը: Այս առիթով աշխարհասփիւռ հայոց եկեղեցիներում կատարուեց Հայրապետական մաղթանք:

Միածնաէջ Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցուեց ձեռամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթեւ եպիսկոպոս Յակոբեանի:

 

Պատարագի սրբազան արարողութեան ընթացքում տրուած իր քարոզում Տաթեւ եպիսկոպոսը մասնաւոր անդրադարձ կատարեց Ամենայն Հայոց Հայրապետի օծման եւ գահակալութեան 19-րդ տարեդարձին: «Մեծապէս ուրախ ենք եւ միեւնոյն ժամանակ հպարտ, որ ականատեսն ու մասնակիցն ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու փառաւոր էջերից մէկի կերտման՝ անցեալի արժեւորմամբ, ներկայի ազգաշէն գործերով եւ լուսաւոր ապագայի տեսլականով: Յիրաւի, Ձերդ Սրբութեան գահակալութեան 19 տարիների ընթացքում Հայ Եկեղեցին ապրեց հոգեւոր վերածննդի ու զարթօնքի, բարգաւաճման ու բարեփոխումների շրջան՝ շնորհիւ Ձերդ Սրբութեան ներդրուած ջանքերի եւ հետեւողական ու նուիրեալ աշխատանքի: Անցնող 19 տարիները Հայ Եկեղեցու համար եղան զօրացման, բարեկարգման, եկեղեցաշինութեան տարիներ՝ առաւել ճանաչելի դարձնելով Հայ Եկեղեցին միջազգային եւ համաշխարհային հասարակութիւնների եւ կրօնական ու աշխարհիկ կառոյցների առջեւ: Անցնող 19 տարիները եղան ոչ միայն տեսանելի, քարակերտ եկեղեցաշինութեան տարիներ, որ շատ յաճախ շեշտւում է եւ երբեմն էլ շահարկւում, այլեւ անտեսանելի՝ մարդկային հոգում եւ մտքում հոգեւոր տաճարների շինութեան տարիներ, անձնուէր ծառայութեան ու նուիրումի տարիներ՝ որպէս օրինակ եւ ներշնչումի աղբիւր հանդիսանալով Հայ Եկեղեցու հոգեւոր դասի եւ մեր հաւատաւոր զաւակների համար՝ խօսքով, վարմունքով, սիրով, հաւատքով, ինչպէս ասում է Պօղոս առաքեալը», - ասաց Սրբազան Հայրը:

Պատարագիչ Սրբազանը ներկայացրեց Հայոց Հայրապետի 19 տարիների հովուապետութեան ընթացքում տարբեր բնագաւառներում իրականացուած հսկայածաւալ աշխատանքները՝ մասնաւորապէս խօսելով հոգեւորականների պատրաստութեան առաքելութեանը լծուած հոգեւոր կրթական հաստատութիւնների, հայեցի դաստիարակութեան եւ մանուկներին ու պատանիներին կրթութիւն ջամբող հանրակրթական դպրոցների եւ հայորդաց տների, հայագիտական, կրթական ու ուսումնական հաստատութիւնների գործունէութեան մասին:

Սրբազանը մասնաւոր անդրադարձ կատարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից այս տարիներին իրականացուած քարոզչական ու սոցիալական բազմազան ծրագրերին, կարիքաւորների, որբերի, հիւանդների, զինծառայողների, ազատամարտիկների խնամքին ուղղուած ձեռնարկներին, Հայոց բանակում, հիւանդանոցներում, ազատազրկման վայրերում եւ խնամատար այլ հաստատութիւններում կազմակերպուած հոգեւոր ծառայութիւներին:

Ընդգծուեց նաեւ կարեւորութիւնը այս տարիներին գումարուած Եպիսկոպոսաց եւ Եկեղեցական ներկայացուցչական ժողովների՝ միտուած Հայ Եկեղեցու առաքելութեան առաւել արդիւնաւորմանը եւ եկեղեցական կեանքի կանոնակարգմանը:

Տաթեւ եպիսկոպոսը նաեւ խօսեց Եկեղեցու, հայրենիքի եւ ժողովրդի առջեւ ծառացած բազմաթիւ մարտահրաւէրների եւ յարձակումների մասին, որոնցով փորձ է արւում տարատեսակ կեղծիքի տարածմամբ պառակտում առաջացնել հայ ժողովրդի մէջ, խարխլել եւ սասանել Հայ Եկեղեցու հիմքերը: «Այսօր էլ, ինչպէս 1700 տարիների ընթացքում, փորձ է արւում պայքարելու Քրիստոսահաստատ, դարերի բովով եւ բազում փորձութիւնների միջով անցած, թրծուած, հայ ժողովրդին հայրաբար իր թեւերի տակ առած եւ սնած, բազմիցս վիրաւորուած, բայց կրկին վերածնուած եւ զարթօնք ապրած Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու եւ իր ազգընտիր գահակալի դէմ: Այո՛յ, իրապէս զարթօնք ապրած, զարթօնք, որ նոյնիսկ անզէն աչքով նկատելի ու անվիճելի է եւ յատկապէս վերջին երկու տասնամեակների ընթացքում, երբ Հայոց Եկեղեցու գահին բազմած է 132-րդ Հովուապետը: Բոլոր ժամանակների Հայոց Եկեղեցու անդաստանում եւ հայ ժողովրդի կեանքում եղել են խնդիրներ, մարտահրաւէրներ, որոնք ժամանակի հայրապետները, եպիսկոպոսները, քահանաները եւ Եկեղեցու, ազգի խնդիրներով մտահոգ անհատների իմաստութեան ու մտածուած գործողութիւնների շնորհիւ փառահեղ լուծումներ են գտնուել, եւ իբրեւ ազգ ու Եկեղեցի մենք շարունակել ենք պատուով ապրել եւ բարգաւաճել:  Այդպէս է նաեւ այսօր:

… Վեհափառ Տէր, իբրեւ Հայոց Հայրապետ, դուք ձեր իմաստութեամբ, աշխատասիրութեամբ ու խոնարհութեամբ բոլորիս ցոյց էք տալիս, թէ ինչպէ՛ս յաղթահարել այդ մարտահրաւէրները` Հայ Եկեղեցին առաջնորդելով առաւել զօրացման: Իբրեւ քաջ հովիւ եւ առաջնորդ ունենալով Ձերդ Սրբութեանը՝ Հայոց Եկեղեցին եւ հայ հոգեւորականութիւնն այսօր շարունակում են իրենց առաքելութիւնը, որ եղել է եւ կայ Տիրոջ փրկչարար խօսքի քարոզչութիւնն ու լոյսի տարածումը, ազգային եւ քրիստոնէական արժէքների պահպանումն ու տարածումը», - ասաց պատարագիչ Սրբազանը` փաստելով, որ հակառակ բազում խոչընդոտների ու դժուարութիւնների Աստծոյ կամքով Եկեղեցին զօրանում ու շէնանում է նոր եւ կրթեալ սպասաւորներով, նորոգուող եւ կառուցուող սրբավայրերով, նոր սերնդի մէջ ազգային արժէքների սերմանմամբ, հաւատքի աճով ու նուիրումով:

Քարոզի աւարտին Տաթեւ Սրբազանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ողջ միաբանութեան, աշխարհասփիւռ հայ ժողովրդի եւ բոլոր ներկաների անունից շնորհաւորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին օծման եւ գահակալութեան 19-րդ տարեդարձի առիթով՝ մաղթելով, որ Աստուած անսասան պահի Սուրբ Էջմիածինը, Նորին Սրբութեանը շնորհի քաջառողջ երկար տարիներ՝ պարգեւելով անսպառ եռանդ՝ առաջնորդելու իր հաւատաւոր զաւակներին: Սրբազանը հայցեց Բարձրեալի օժանդակութիւնը Հայոց Հովուապետին ազգաշէն ու եկեղեցաշէն բոլոր ծրագրերի իրագործման համար՝ ի բարօրութիւն հայ ժողովրդի եւ ի պայծառութիւն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Հաւարտ Ս. Պատարագի կատարուեց Հայրապետական մաղթանք: Մայր Աթոռի միաբանութիւնը եւ հաւատաւոր ժողովուրդը միասնական աղօթք բարձրացրեցին առ Աստուած Նորին Սրբութեան կենաց արեւշատութեան, արդիւնաւոր եւ անսասան բազմամեայ գահակալութեան, ինչպէս նաեւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառութեան համար:

Արարողութեանը ներկայ էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտօնավարող եպիսկոպոսներ եւ միաբաններ, թեմակալ առաջնորդներ, Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներ, պետական այրեր, Մայր Աթոռի բարերարներ եւ տարբեր թեմերից հոգեւոր հովիւների առաջնորդութեամբ ժամանած ուխտաւորներ: 

Տօնական այս օրը Հայոց Հովուապետին այցելեցին նաեւ մշակոյթի տարբեր գործիչներ: Տարեդարձի առիթով Մայր Աթոռում ստացուեցին բազում շնորհաւորագրեր աշխարհասփիւռ թեմերից, ազգային կառոյցներից եւ հասարակական գործիչներից:

Print