Կեչառիսի վանքում կատարուեց քահանայական ձեռնադրութիւն
Published - 9 October 2018

Հոկտեմբերի 7-ին, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կոտայքի թեմի Կեչառիսի վանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ առաջնորդանիստ եկեղեցում կատարուեց քահանայական ձեռնադրութիւն: Սուրբ Պատարագի ընթացքում կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամեանի ձեռամբ քահանայական ձեռնադրութիւն եւ օծում ստացան Մայր Աթոռի տարբեր կառոյցներում եւ ՀՀ Զու հոգեւոր առաջնորդութիւնում սպասաւորող եօթ սարկաւագներ:

Նոյն օրը՝ առաւօտեան, կատարուեց ընծայման կարգը: Ձեռնադրութեան ընթացքում Առաքել Սրբազանը քահանայութեան կոչեց նորընծաներին՝ Սրբալոյս Միւռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպէս նաեւ նորաօծ եկեղեցականներին շնորհելով նոր հոգեւոր անուններ:

Ռուդիկ սարկաւագ Հայրապետեանը վերակոչուեց Տ. Սիոն քահանայ, Սարգիս սարկաւագ Աբեանը՝ Տ. Գեւորգ  քահանայ, Աշոտ սարկաւագ Տիգրանեանը՝ Տ. Նարեկ քահանայ, Ռուբեն սարկաւագ Կարապետեանը՝  Տ. Նահապետ քահանայ, Վիրաբ սարկաւագ Սարգսեանը՝ Տ. Երեմիա քահանայ, Ռուբեն սարկաւագ Սարգսեանը՝ Տ. Աստուածատուր քահանայ, Գուրգէն սարկաւագ Բարսեղեանը՝ Տ. Տաճատ քահանայ:

Ձեռնադրութեան արարողութեան աւարտին նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնութիւնը փոխանցեցին ներկաներին:

Այնուհետեւ Առաքել Սրբազանը, քահանայական ձեռնադրութեան կապակցութեամբ դիմելով նորաօծ քահանաներին եւ հաւատացեալ ժողովրդին, նշեց. «Այսօր նուիրական եւ յիշարժան օր է մեզանից իւրաքանչիւր մէկի համար, նաեւ ուրախութեան եւ հոգեկան բերկրանքի օր է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանութեան ու մեր հաւատացեալ ժողովրդի համար, բայց այն նուիրական, յաւէտ յիշարժան ու սուրբ է յատկապէս մեր նորաօծ եօթ քահանաների համար:

Նորընծայ քահանայ հայրեր, Աստծուն ձեր ընծայման աստուածահաճոյ ուխտի առթիւ ես գոհութիւն եմ եւ փառք եմ վեռառաքում առ Բարձրեալն Աստուած` ասելով. «Փառք քեզ, Տէր, փառք քեզ, յաղագս ամենայնի փառք քեզ, Տէր», որ արժանի արեցիր ինձ քո սուրբ Սեղանին պատարագելու եւ կրկին քահանաների ձեռնադրութեան կարգը կատարելու»:

Սրբազան Հայրը նաեւ իր երախտագիտութիւնը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին քահանայական այս ձեռնադրութեան կատարումն իրեն վերապահելու համար:

 Սրբազանն իր քարոզում ընդգծեց, որ այսօր հայ ժողովուրդը թէ՛ Հայաստանում, թէ՛ Արցախում եւ թէ՛ Սփիւռքում կարիք ունի Հայ Եկեղեցու անդաստանում թխուած հոգեւոր հացի եւ հոգեւոր սննդի: Այս կապակցութեամբ Առաքել արքեպիսկոպոսը, դիմելով նորաօծ քահանաներին, ասաց. «Սիրելի քահանայ եղբայրներ, դուք 6-7 տարի սովորել էք Սուրբ Էջմիածնի Գեւորգեան հոգեւոր ճեմարանում: Ճեմարանական տարիներին ձեր ձեռք բերած հոգեւոր գիտելիքներն անսակարկ կերպով պէտք է մատուցէք մեր ժողովրդին` ձեզ վստահուած հոտին: Ճեմարանը, որպէս  հոգեւոր գիտելիքների դրաբնոց` հնոց, ձեզ ձուլել եւ դարձրել է մաքուր ոսկի, որպէսզի մաքուր սրտով, մաքուր հոգով բոլորանուէր եւ անմնացորդ կերպով ծառայէք մեր ժողովրդին, քանի որ ժողովուրդը հանապազօրեայ հացից ոչ պակաս հոգեւոր հացի կարիք ունի:

Քիչ առաջ դուք` սիրելի քահանայ եղբայրներ, հրաժարուեցիք աշխարհիկ կեանքից, ձեր աշխարհիկ անուններից եւ նոր անուններով ու նոր կեանք ստացած Ամենակարող Աստծոյ կամքով պէտք է գնաք եւ ծառայէք մեր ազգին ու Եկեղեցուն:.... Ձեռնադրութեան ժամանակ դուք հրաժարուեցիք աշխարհից` աշխարհիկ կեանքից, աշխարհիկ ցանկութիւններից, ընչաքաղցութիւնից, նախանձից, հպարտութիւնից, չար ցանկութիւններից եւ խօսք տուեցիք վերցնել ձեր խաչը եւ հետեւել Քրիստոսին: Քրիստոսին հետեւել նշանակում է ձեր նոր կեանքն ապրէք Աւետարանի պատուիրաններին համահունչ` բարութեամբ, սիրով, ողորմածութեամբ եւ անաղարտութեամբ լեցուն կեանքով»:

Սրբազան հայրը նշեց նաեւ, որ մարդ արարածը` որպէս արարչագործութեան պսակ, մշտապէս պարտաւոր է աղօթել եւ փառաբանել Աստծուն, սիրել իր նմանին, լինել հեզ, խոնարհ, անոխակալ, ողորմած, անյիշաչար ու եղբայրասէր:

«Քրիստոս խոնարհուեց իր երկնային փառքից, մարմնացաւ, մարդացաւ, որպէսզի մարդը տեսնէր, հետեւեր նրան եւ աստուածանար: Հաւատացէ՛ք, եթէ դուք էլ սիրելի քահանաներ, հեզութեամբ ու խոնարհութեամբ լինէք այնտեղ, որտեղ ձեր կարիքը կայ, լինէք հիւանդների, կարիքաւորների, սգաւորների կողքին եւ խոնարհութեամբ ծառայէք ժողովրդին, դուք թէ՛ Աստծոյ եւ թէ՛ մարդկանց առաջ կմնաք վեհ, մեծ, խոնարհ ու որպէս յարգուած հոգեւորականներ»,- հաստատեց Առաքել Սրբազանը:

Քարոզի վերջում Սրբազան Հայրը կոչ արեց ներկաներին աղօթք բարձրացնել առ Բարձրեալն Աստուած, որպէսզի նորաօծ քահանաներն առանց փորձութեան, աղօթքով ու աստուածպաշտութեամբ անցկացնեն իրենց քառասնօրեայ պատրաստութեան շրջանը եւ հաստատ ու անսայթաք մնան իրենց ուխտի մէջ:

 «Ողջոյնի» ժամանակ  թեմի հոգեւորականները  եւ Մայր Աթոռից ժամանած միաբանները բարձրացան խորան շնորհաւորելու երիտասարդ քահանաներին եւ համբուրելով նրանց միւռոնաբոյր ճակատներն ու ձեռքերը` նրանցից ստանալու անդրանիկ «Ողջոյն»-ը:

Նորընծայ քահանաները,Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրեայ պատրաստութեան շրջանից յետոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ ծառայութեան կը կոչուեն Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու տարբեր թեմերում եւ կառոյցներում:

Print