Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց համահայկական երիտասարդական հաւաքի կազմակերպիչ խմբի հետ
Published - 5 July 2018

Յուլիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Դէպի Հայրենիք, դէպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հաւաքի կազմակերպիչ խմբի անդամներին` առաջնորդութեամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միաւորման (ՀԵՀԵՄ) հոգեւոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 2018 թուականը հռչակուել է Երիտասարդութեան տարի: Այս առիթով յուլիսի 4-ից 8-ը «Դէպի Հայրենիք, դէպի Սուրբ Էջմիածին» կարգախօսի ներքոյ Հայաստանում կը կայանայ համահայկական երիտասարդական հաւաք, որին կը մասնակցեն աւելի քան 20 երկրներից շուրջ 400 եկեղեցասէր երիտասարդներ:

Հաւաքի ընթացքում կը ներկայացուի թեմերի երիտասարդական կառոյցների գործունէութիւնը, կը քննարկուեն ու կը մշակուեն միջթեմական համագործակցութեան զարգացման հեռանկարները եւ ծրագրերը: Տեղի կ'ունենան հանդիպումներ հոգեւոր դասի եւ պետական կառոյցների ներկայացուցիչների հետ: Կը կազմակերպուեն ուխտագնացութիւններ դէպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Խոր Վիրապի վանք եւ Հաղարծնի վանք:

Հանդիպմանը ՀԵՀԵՄ հոգեւոր պատասխանատու Հովնան Սրբազանը եւ ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենեակի տնօրէն Գեւորգ Մկրտչեանը Նորին Սրբութեանը ներկայացրին ՀԵՀԵՄ աշխատանքային խմբում ներգրաւուած երիտասարդներին, հաւաքի առաջիկայ օրերի անելիքներն ու ծրագրերը:

Ողջունելով երիտասարդներին` Վեհափառ Հայրապետը մեծապէս կարեւորեց Հայաստանի եւ աշխարհասփիւռ թեմերի երիտասարդների համախմբումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Հայաստանի առաջին Հանրապետութեան եւ մայիսեան հերոսամարտերի 100-ամեակի առիթով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահութիւն յայտնեց, որ  երկար ժամանակ նախապատրաստուող  այս համախմբումը նոր լիցք եւ խանդավառութիւն պիտի բերի երիտասարդներին` ոգեշնչուելու եւ առաւել ներգրաւուելու եկեղեցական, համայնքային կեանքից ներս` իրենց օգտակար ծառայութիւնը բերելու եւբ հայրենիքին, եւբմայր Եկեղեցուն: Այս առումով Վեհափառ Հայրապետը շահեկան նկատեց միջթեմական համագործակցութիւնը, Հայաստանում եւ սփիւռքում ապրող երիտասարդների սերտ շփումը: 

Նորին Սրբութիւնը նշեց, որ Եկեղեցին յատկապէս զօրաւոր է, երբ նրա կեանքում ակտիւ ներգրաւուածութիւն ունեն երիտասարդները: Ներկայ մարտահրաւէրների պայմաններում, երբ տարբեր հոսանքներ, գաղափարախօսութիւններ եւ համաշխարհայնացման գործընթացներ գրաւիչ են թւում երիտասարդութեան համար, Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց երիտասարդներին ազգային, հոգեւոր արժէքներով կրթելու եւ դաստիարակելու կարեւորութիւնը եւ անդրադարձաւ այս ուղղութեամբ Հայոց Եկեղեցու անելիքներին: Գարեգին Բ Վեհափառի խօսքով` ժողովուրդը չի կարող պաշտպանել իր երկիրը, իր դիմագիծն ու նկարագիրը, եթէ չունենայ ազգային, հոգեւոր արժէքներ կրող երիտասարդութիւն, եւ ՀԵՀԵՄ նմանօրինակ հաւաքների կազմակերպումը այս ուղղութեամբ կարեւոր եւ նշանակալի  քայլ է:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շեշտեց անհրաժեշտութիւնն առաւել խթանելու եւ  զօրացնելու եկեղեցասէր երիտասարդաց միութիւնների եւ կառոյցների գործունէութիւնը` դրանում էական նկատելով կենտրոնական գրասենեակի դերակատարութիւնը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն ու գնահատանքը փոխանցեց Հովնան արքեպիսկոպոսին եւ հաւաքի կազմակերպիչ խմբում ընդգրկուած հոգեւորականներին եւ աշխարհականներին իրենց նուիրեալ եւ յանձնառու ծառայութեան համար:

Print