Մայր Աթոռում նշուեց Կաթողիկէ Ս. Էջմիածնի տոնը
Published - 8 June 2018

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի  Կաթողիկէ Սուրբ Էջմիածնի տոնը մեծ հանդիսաւորութեամբ նշեց յունիսի 3-ին: Բերկրառատ օրուայ կապակցութեամբ, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցուեց Ս. Պատարագ:

Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ Արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը: Նաթան Սրբազանը, անդրադառնալով տոնի խորհրդին եւ Հայաստան աշխարհում քիստօնէութեան տարածմանը, իր քարոզում մասնաւորաբար ասաց. «Սիրելի քոյրեր եւ եղբայրներ, այսօր մեծ տոն է հայ ժողովրդի համար, այսօր մեծ տոն է հայ հաւատացեալի հոգու համար, քանզի մենք ցնծութեամբ տօնում ենք Մայր Տաճարի` Ս. Էջմիածնի տոնը: Այն ոչ միայն մի պարզ տաճարի, այլ մեր ազգի հոգու յաւիտենական տաճարի տոնն է: Առաջին իսկ դարերից Յիսուսի աշակերտներն իրենց ոտքերն ուղղեցին դէպի Հայաստան աշխարհ, եկան Տիրոջ հաւատքը տարածելու, եկան` իրենց հետ բերելով ոչ միայն հաւատքը, այլեւ Տիրոջ հետ կապուած կարեւոր մասունքներ:

Այս վայրում` Իջման Ս. Խորանի տեղում, մեր հաւատքի Հայր Ս. Գրիգոր Լուսաւորիչը տեսիլք ունեցաւ. Յիսուս Իր Համբարձումից յետոյ մէկ անգամ եւս իջաւ երկիր, իջաւ մեր հողի վրայ եւ ցոյց տուեց այն տեղը, ուր պէտք է այս տաճարը կառուցուէր: Այն կառուցուեց, հիմնաքարերը դրուեցին, թէ արքան եւ թէ Գրիգոր Լուսաւորիչ ու ողջ ժողովուրդը ցնծութեան մէջ էին: Սա, սիրելիներ, մեզ համար պարզ պատմութիւն չէ, սա մեր հոգու եւ ինքնութեան պատմութիւնն է, սա մեր հայ լինելու յաւիտենութեան պատմութիւնն է, որովհետեւ Ս. Էջմիածինը ոչ միայն քարեղէն տաճար է, այլեւ հոգեղէն յաւիտենական տաճար, քանի որ Ս. Էջմիածինն ամէն հայի համար պարզ ուխտավայր չէ: Հայը, գալով այստեղ, իր ուխտը նորոգում է  Տիրոջ, իր ազգի եւ հայրենիքի հետ:     

Ս. Էջմիածինը խորհուրդն է հայի անկոտրում ոգեկանութեան ու հաւատքի, որ դարէր շարունակ փորձեր են կատարել նրան այդ հաւատքից հեռացնելու: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայ ժողովրդի հոգեւոր կենտրոն ենք կոչում, սակայն, այն միայն հոգեւոր կենտրոն չէ. այն պահապանն է հոգու, այն պահապանն է մեր ազգային ինքնութեան: Սուրբ Էջմիածինն այն ամուր զնդանն է, որի վրայ հազարամեակների ընթացքում միլիոնաւոր  մուրճեր են մաշուել ու դեռեւս կմաշուեն: Ու թող բոլորն իմանան, որ դրանք այսօր կան, իսկ վաղը` ոչ: Իսկ Էջմիածինը հայի հոգու նման յաւիտենական է, Ս. Էջմիածինը մեր հոգու կենսաբեր աղբիւրն է»:

Այնուհետեւ Սրբազան Հայրը բոլոր ներկաների անունից որդիական խոնարհութեամբ շնորհաւորեց եւ ամէնքի սերը յայտնեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին` Ս. Գրիգոր Լուսաւորչի իրաւայաջորդին` մաղթելով կեանքի երկար ու արեւշատ տարիներ, քաջառողջ կեցութիւն, նաեւ Ամենակալ Աստծուց հայցեց, որպէսզի Հայոց Հովուապետի աղօթքներով Մայր Աթոռը մնա հայ ազգի ինքնութեան գրաւականը եւ Նորին Սրբութեան առաջնորդութեամբ հայ ազգն ազատ շնչի այս երկրի վրայ` ազատագրուած մեղքից, ազատագրուած ամէն տեսակի չարիքից:

Ապա Նաթան Սրբազանը, դիմելով հոգեւոր դասին, իր սրտագին մաղթանքը բերեց հոգեւորականներին` յաւելելով նաեւ, որ իւրաքանչիւր հոգեւոր սպասաւոր Մայր Աթոռի անդրադարձն է հանդիսանում:

Հաւարտ Պատարագի սրբազան արարողութեան, բարձր նախագահութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց Սուրբ  Էջմիածնի մաղթանք` ի շինութիւն Մայր Աթոռի եւ ի արդիւնաւորում Ամենայն Հայոց Հայրապետի երկարամեայ հովուապետութեան:

Արարողութեանը ներկայ էին Մայր Աթոռի միբանութիւնը, թեմակալ առաջնորդներ եւ վանաբնակ եպիսկոպոսներ, Մայր Աթոռի բարերարներ եւ Մայր Աթոռում ուխտաւորաբար գտնուող բազում բարեպաշտ հայորդիներ:

Print