Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմ Հոգևորականաց Ժողով
Published - 11 May 2018

2018 թվականի Մայիսի 3ին Լաս Վեգասի Սուրբ Կիրակոս եկեղեցում, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի Թեմական տարեկան ժողովի շրջանակներում տեղի ունեցավ թեմի Հոգևորականաց տարեկան երկրորդ ժողովը: Ժողովը նախագահում էր Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի բարեխնամ առաջնորդ Տ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը։  

2018 թվականի Մայիսի 3ին Լաս Վեգասի Սուրբ Կիրակոս եկեղեցում, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի Թեմական տարեկան ժողովի շրջանակներում տեղի ունեցավ թեմի Հոգևորականաց տարեկան երկրորդ ժողովը: Ժողովը նախագահում էր Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի բարեխնամ առաջնորդ Տ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը։  

Ժողովը բացվեց աղոթքով, որից հետո Արևմտյան Թեմի Առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը իր ողջույնի խոսքն ուղղեց քահանա հայրերին նրանց մաղթելով՝ արդյունավետ ծառայություն:

Սրբազան Հայրը ներկայացրեց Հայաստանում տիրող ներկա քաղաքական վիճակը և հորդորեց ամեն գնով սատար ու նեցուկ կանգնել Հայրենիքին, քանի որ Հայաստանի ներքին խաղաղության պահպանումը ամենակարևորն է ամեն մի հայի համար, և հզոր հայրենիքով է պայմանավորված նաև սփյուռքի հաջող գործունեությունը։ Իր հոգևոր պատգամի մեջ Սրբազան Հայրը հորդորեց ապրել խաչի խորհրդով՝ իբրև բոլորանվեր ծառայություն մեր Հայրենիքին, մեր Մայր եկեղեցուն և մեր սիրեցյալ հայ ժողովրդին։  «Մեր բովանդակ կեանքի ճանապարհը ուղեգծուած է ծառայութեամբ եւ ծառայակերպ կեանքը ընծայելու Աստուծոյ փառքին, եւ ի խնդիր մեր Սբ. Եկեղեցւոյ կառուցմանը: Եւ գիտենք անշուշտ, որ ապրող Եկեղեցին՝ ժողովուրդն է, որուն հովուութիւնը վստահուած է մեզի այսօրուան նիւթականացած աշխարհի կեանքին մէջ», -իր խոսքում ասաց Հովնան Սրբազանը։

Տեր Եղիշե քհն. Քսաճիկյանն անդրադարձավ քահանայից առանձնացման ծրագրին, որ գործում էր թեմում տարիներ առաջ։ Խոսեց դրանց օգտակարության ու կարևորության մասին և առաջարկեց վերսկսել այդ ծրագրի կազմակերպումը։ Առաջարկը հավանության արժանացավ ներկա հոգևոր հայրերի կողմից և հաստատվեց Սրբազան Հոր կողմից։

Քննարկվեցին եկեղեցական արարողակարգերին վերաբերող զանազան հարցեր, ինչպես օրինակ, Սուրբ Հաղորդության բաշխման, եկեղեցական արարողությունների ժամանակ որոշակի խնդիրների ու մարտահրավերների, մկրտության հետ առնչվող հարցեր:

Անդրադարձ եղավ նաև Թեմական մակարդակով անցկացվող զանազան միջոցառումներին և ձեռնարկներին։ Առաջնորդ Սրբազանը կարևորեց եկեղեցականների ներկայությունը այստեսակ ձեռնարկներին։

Սրբազանը հիշեցրեց նաև ազգային եկեղեցական տոնակատարությունների մասին՝ կարևորելով դրանց պատշաճ կազմակերպումն ու տոնախմբումը յուրաքանչյուր եկեղեցական համայնքում:    

Տեր Ներսես քհն. Հայրապետյանն անդրադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հաստատված Հոգևորականաց վերապատրաստման ծրագրին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կառուցված Գարեգին Առաջին կենտրոնի նորակառույց շենքը հատուկ տրամադրված է այս ծրագրի իրագործման համար։ Շենքը օժտված է ամեն հարմարություններով և նախատեսված է 27-30 մասնակիցների համար։ Տեր Հայրը նշեց, որ ծրագիրը բազմաբովանդակ ու բազմաշերտ է։ Այն միտված է նորոգելու և թարմացնելու հոգևորականների գիտելիքները, առիթ ստեղծելու բոլոր հոգևորականներին միմյանց հետ շփվելու և կուտակված հովվական փորձի փոխանակման, ծիսական, դավանաբանական հարցերի շուրջ միանմանություն հաստատելուն և այլն: Տեղի են ունենում դասընթացներ և ուխտագնացություններ: Տեր Հայրը առաջարկեց հոգևոր եղբայրներին իրենց անունները արձանագրել և այս ծրագրին ամսական դրույթով մասնակցել։

Տեր Ավետիս քհն, Աբովյանն անդրադարձավ թեմի երիտասարդաց ծրագրերին և ասաց, որ բավականին աճ է գրանցվել անցյալ տարիների համեմատությամբ թե ընթացքի, թե որակի և թե քանակի իմաստով: Ավելի լավ են կազմակերպվում երիտասարդաց առանձնացումները, Sports Weekend-ը: Տեր Հայրը նշեց, որ բավականին աշխատանքներ են կատարվել CYMA ծրագրի հետ կապված:  Տեր Հայրը խնրեց նաև հոգևորականներին հնարավորինս մեծ թվով մասնակցել երիտասարդաց ծրագրերին։

Տեր Գրիգոր քհն. Զաքարյանը խոսեց Հայ ճամբարի, Կիրակնօրյա դպրոցի մասին: Տեր հայրը տեղեկացրեց, որ նորոգության աշխատանքներ են կատարվում ճամբարում, որոնք պետք է ավարտվեն մինչև հուլիս ամիս: Տեր Գրիգորն նշեց, որ Կիրակնօրյա դպրոցների ղեկավար Գեյլ Չելեբյանը բավականին հաջող կազմակերպում է դասընթացները՝ հիմնված ավանդությունների ուսուցման և պահպանման վրա: Տեր հայրը նկատեց նաև, որ Սևակ Տերտերյանը ևս իր մասնակցությունը ունի այս ծրագրին, ով երեխաներին ուսուցանում է զանազան շարականներ:  

Ժողովն ավարտվեց Սրբազան Հոր օրհնությամբ։ Գոհություն հայտնելով հոգևորականներին իրենց ծառայության համար,  Առաջնորդ Հայրը մաղթեց նրանց քաջառողջություն և նվիրյալ ու արդյունաշատ աշխատանք․ «Ինչքան ուղիղ նայինք խաչի խորհուրդին, այնքան կը մերժենք մեր մէջ տկարութիւնը եւ մեր կեանքն ի սպաս կը դնենք յանուն մեր Սբ. Եկեղեցւոյ վերազարթօնքին, որը պայմանաւորուած է քրիստոնէական նկարագրի պահպանումովը: Մեր մէջ է հաւատքին ոյժը. կեանքի կոչենք այն: Մեր մէջ է Աստուծոյ ներկայութիւնը, հաղորդ դարձնենք այն նորահաս սերունդին: Մեր էութիւնն է Սբ. Էջմիածինը եւ Հայրենիքը, այն դարձնենք սրբութիւնը մեր ազգին»,-ամփոփեց Սրբազանը։

Print