NEXT EVENT
30 May 2019
Ի Տէր յանգեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆեանը
Published - 8 March 2019

Խորը ցաւով յայտնում ենք, որ մարտի 8-ին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութեան պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը, կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, տեղեկացրել է նոյն օրը կէսօրին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տէր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆեանի վախճանման մասին: Մեսրոպ Պատրիարքը վերջին տարիներին տառապում էր ծանր հիւանդութեամբ եւ գտնւում էր Պոլսի Սուրբ Փրկիչ Ազգային հիւանդանոցում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը, Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամները եւ ողջ հոգեւոր դասը սգում են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի մահը եւ վշտակցում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութեան հոգեւոր դասին ու պոլսահայութեանը` աղօթելով Երջանկայիշատակ Մեսրոպ Պատրիարքի հոգու հանգստութեան եւ խաղաղութեան համար:

Պատրիարք Հօր յուղարկաւորութեան արարողութիւնների մանրամասների վերաբերեալ կտեղեկացուի յաջորդիւ:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

Ամենապատիւ Տէր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆեանը ծնուել է Ստամբուլում 1956թ. յունիսի 16-ին:

1963-1968 թթ. ուսանել է Թաքսիմի Էսայեան նախակրթարանում։

1968-1973 թթ.  սովորել է Նշանթաշի Անգլիական վարժարանում։

1973-1975 թթ.  կրթութիւնը շարունակել է Ամերիկեան Բարձրագոյն վարժարանում (Շտուտգարդ, Գերմանիայ)։

1975-1979 թթ.  Մեմֆիսի Համալսարանում (ԱՄՆ) ուսանել է «Ընկերաբանութիւն եւ իմաստասիրութիւն», 1977-1979 թթ. Մեմֆիսի մասնաճիւղ Սէուընի Անգլիկան ուսումնարանում հետեւել է «Աստուածաբանութիւն» դասընթացի։

1977թ. յուլիսի 19-ին  արժանացել է սարկաւագական ձեռնադրութեան՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Շահան Եպս. Սուաճեանի։

1979 թ. մայիսի 13-ին ձեռամբ Ն.Ա.Տ. Շնորհք Պատրիարքի ձեռնադրուել է կուսակրօն քահանայ Բէյողլուի Ս. Երրորդութիւն եկեղեցում:

1979-1982 թթ. ուսանել է Երուսաղէմի Եբրայական համալսարանում (Իսրայէլ)` ստանալով Հին Կտակարանի պատմութեան եւ գրականութեան մագիստրոսի աստիճան, ապա Երուսաղէմի համալսարան քոլեջում` ստանալով Սուրբգրային հնագիտութեան մագիստրոսի աստիճան։

1979-1980 թթ. Երուսաղէմի ընծայարանում դասաւանդել է անգլերէն լեզու եւ Հին Կտակարան:

1982-1983 թթ. ծառայել է որպէս   Ն.Ա.Տ. Շնորհք Պատրիարքի քարտուղար։

1983 թ. մայիս  7-ին պաշտպանել է «Սուրբ Գիրք եւ Աւանդութիւն» թեմայով աւարտաճառը եւ արժանացել մասնաւոր վարդապետութեան աստիճանի։

1983 թ. յունիս 6-ից  եղել է Պատրիարքարանի դիւանապետ, Կրօնական ժողովի եւ Խորհրդակցական մարմնի անդամ։

1983-1984 թթ. զինուորական ծառայութիւն է իրականացրել Պուրտուր Է. Գնդապետական հրամանատարութիւնում։

1986 թ. մայիսի 3-ին պաշտպանել է «Նահապետաց կրօնը նախքան եգիպտական գերութիւնը» թեմայով աւարտաճառը` ստանալով ծայրագոյն վարդապետութեան աստիճան։

1986 թ. սեպտեմբերի 21-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ստացել է եպիսկոպոսական ձեռնադրութիւն եւ օծում:

1988-1989 թթ. ուսանել է Հռոմի Ս. Թովմաս Ակուինացու համալսարանում` ստանալով Միջեկեղեցական ու միջկրօնական յարաբերութիւնների աստուածաբանութեան մագիստրոսի աստիճան:

1988 թ. յուլիսի 1-ին Շնորհք Պատրիարքի կողմից նշանակուել է Կղզեաց տեսուչ։

1990 թ. մարտ – 1990 թ.սեպտ. եղել է Կրօնական ժողովի ատենապետ։

1990թ. նոյեմբերի 6-ին  Ն.Ա.Տ. Գարեգին Բ. Պատրիարքի կողմից նշանակուել է միջեկեղեցական գործերով պատրիարքական փոխանորդ։

1991-1997թթ. նշանակուել է Քահանայական լսարանի տեսուչ։

1991-1997թթ. նշանակուել է Ն.Ա.Տ. Գարեգին Բ. Պատրիարքի խորհրդակցական մարմնի փոխատենապետ։

1992 թ. դեկտեմբերի 5-ին  Ն.Ս.Օ.Տ.Տ Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից շնորհուել է արքութեան տիտղոս։

1996 յունիսին նշանակուել է Պատրիարքական Աթոռի «Շողակաթ» բանասիրական հանդէսի խմբագրապետ։

1997թ. հոկտեմբերի 27-ին  Ն.Ա.Տ. Գարեգին Բ. Պատրիարքի կողմից նշանակուել է Պատրիարքական ընդհանուր փոխանորդ, Ն.Ա.Տ. Գարեգին Բ. Պատրիարքի վախճանումից յետոյ` Պատրիարքական ընդհանուր փոխանորդ, ապա Պատրիարքական տեղապահ:

1998 թ. հոկտեմբերի 14-ին Պատգամաւորական Ժողովի կողմից ընտրուել է Կոստանդնուպոլսի Հայոց 84-րդ Պատրիարք:

Արժանացել է մի շարք պատուոյ տիտղոսների ու մրցանակների, անդամակցել տարբեր միութիւնների: