NEXT EVENT
26 February 2019
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ 20-ՐԴ ԴԱՐԻ ՆՇԱՆԱՒՈՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ 2019 թ. հոկտեմբերի 8-ին
Published - 1 February 2019

Բազում երեւելի գործիչներ է ծնել Հայ Եկեղեցին իր ծոցից, քրիստոնէութեան առաջին դարերից ու միջնադարից մինչեւ մեր օրերը։ Երեւելի եւ սրբանուէր այրեր են նրանք, գիտնականներ, մանկավարժներ։ Նրանցից շատերը նաեւ նոր ժամանակներում են մեծ դեր ունեցել մեր ժողովրդի հոգեւոր, մշակութային, գիտական, կրթական կեանքում, ինչպէս օրինակ՝ Մկրտիչ Ա Խրիմեան Հայրիկ, Մաղաքիա Արք. Օրմանեան, Կոմիտաս Վարդապետ եւ այլք, եւ նրանց կեանքն ու գործունէութիւնը շարունակ մատուցուելու կարիք ունեն նաեւ մեր օրերում, որպէսզի կարող լինենք նշանաւոր գործիչներից դուրս եկող լոյսի հետ հաղորդակցուելու, դասեր ստանալու։

Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի այս տեսլականով առաջնորդուելով՝ Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արեւմտեան թեմը 2019 թուականի հոկտեմբերի 8-ին կազմակերպում է մէկօրեայ համաժողով «Հայ Եկեղեցու նշանաւոր գործիչները 20-րդ դարում» թեմայով։ Զոյգ նիստերի ընթացքին հոգեւորականներ եւ հայագէտներ կը ներկայացնեն անուանի գործիչներին նուիրուած զեկուցումներ, որոնք նաեւ կը տպագրուեն առանձին ժողովածուով։ Մշակութային ազդագիրը կը պարունակի երգչախմբային եւ գրական կատարումներ։

Համաժողովի ծրագիրը առաւել ամբողջական հասանելի կը լինի առաջիկային։ Հոկտեմբերի 8-ի միջոցառումներին մասնակցող հայորդիները կարող են վերստին համոզուել, թէ ինչպէս մեր եկեղեցին ու պետութիւնը շարունակում են սնուցող, կենդանի արժէքներ լինել նաեւ մեր օրերում։